2014 թվականին Հայաստանում 43 հազար 183 մարդ է ծնվել, մահացել՝ 27 հազար 872:
Վրաստանում մահացել է 49 հազար 87, ծնվել՝ 60 հազար 635 մարդ: Ադրբեջանում 170 հազար 500 ծնունդ է եղել եւ մահացել է 55 հազար 600 մարդ:
«Ընտանիքի միջազգային օրվա առիթով» Ազգային վիճակագրական ծառայությանը հղում անելով՝ այսպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը: Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանում ամուսնացել են 18 հազար 912 քաղաքացի, ամուսնալուծվել՝ 4498-ը:
Ադրբեջանում 84 հազար 900 մարդ է ամուսնացել, սակայն բաժանությունների ցուցանիշը մի քանի անգամ նվազ է մեր երկրի համեմատությամբ: Վրաստանում նույնպես ամուսնալուծությունների թիվն ավելի ցածր է: Անցյալ տարի այս երկրում ամուսնացել են 31 հազար 526 քաղաքացի, բաժանվել՝ 9 հազար 119 մարդ:
Կարդացեք նաև
Բելառուսում ամուսնալուծությունների տոկոսը նույնպես բարձր է: Եթե 2014-ին այնտեղ ամուսնացել է 87 հազար 127 մարդ, ապա բաժանվել է 36 հազար 105 զույգ:
Ի դեպ, Հայաստանում 2014 թ.-ին 1000 ամուսնության համեմատ գրանցվել է 238 ամուսնալուծության դեպք, մինչդեռ 2013 թ.-ին 1000 ամուսնության համեմատ գրանցվել է ամուսնալուծության 205 դեպք:
Ադրբեջանի բնակչությունը 2015 թվականի սկզբի դրությամբ կազմում է 9 միլիոն 535 հազար մարդ: Չնայած Բելառուսը գրեթե բնակչության նույն թվաքանակն ունի՝ 9 միլիոն 500 հազար, սակայն ծնունդները Ադրբեջանի համեմատությամբ ավելի ցածր են. անցյալ տարի Բելառուսում ծնվել է 118 հազար 697 մարդ, մահացել՝ 121 հազար 601 մարդ:
Այս տարվա սկզբի դրությամբ Վրաստանի բնակչությունը 4 միլիոն 490 հազար է, Հայաստանինը՝ 3 միլիոն 10 հազար 600:
«Առավոտ» օրաթերթ
16.05.2015