Մենք դիտավորյալ չօգտագործեցինք արտագաղթ բառը, քանի որ այն իր մեջ պարունակում է պատմական ծանր հիշողություն եւ կանխակալ գնահատական, իսկ մենք ուզում ենք հասկանալ երեւույթի թաքնված շերտերը նոր ընկալումներով, քանի որ ինչպես ցույց տվեց կյանքը, մեր հալածյալ-փախստականի կերպարն այսօր այնքան էլ ճիշտ չի արտահայտում երեւույթի ամբողջական պատկերը: Միգրացիան աշխարհում համապարփակ ու բարդ պրոցես է, որոշ ազգերի համար օգտակար, ոմանց համար էլ՝ ցավոտ: Փորձենք տնտղել հակառակ երեսը եւս: Գուցե իրո՞ք միգրացիան վատ բան չէ, գուցե պետք չի՞ այդքան տագնապել հայաթափման համար: Կամ, եթե վատ բան է, ինչու գնացողները չեն վերադառնում: Կրկնում եմ, այս մոտեցումը մեզ պետք է ոչ թե երեւույթը արդարացնելու, այլ առավել խորը ընկալելու համար: Այս եզրերով խնդիրը դիտարկելու դեպքում, պետք է պատասխանենք նաեւ այն հարցին, թե այս պահի դրությամբ մեր խեղճ ու կրակ տնտեսությունը, սոցիալ-իրավական վտիտ համակարգը իր անորակ, երբեմն էլ տկարամիտ կառավարիչներով իրո՞ք ընդունակ է ապահովել հայության ֆիզիկական, հոգեւոր եւ ինտելեկտուալ ամբողջական ներուժը, հայության ներքին էներգիայի պաշարների իրացումը մեծ մասշտաբների մեջ, թե՞ ոչ: Այս առումով տեղին է մտաբերել ականավոր կրոնական գործիչ, մեր Ազգավեպի խորաթափանց վերլուծաբանի, Մաղաքիա Օրմանյանի այն դիտարկումը, ըստ որի՝ ՀԱՅԸ ՕՎԿԻԱՆԻ ԼՈՂՈՐԴ Է, ինչի հետ դժվար է չհամաձայնել:
Չի նշանակո՞ւմ արդյոք, որ այս մեծ ծովերի լողորդն այսօր ստիպված է պարտակվել փոքր լճակում: Ի սեր Աստծո, սա բնավ էլ ազգային սնափառություն չէ, ոչ էլ ինքնավեհացման ճիգ: Այս կետում Օրմանյանին ձայնակցում է նաեւ գերմանացի մեծ փիլիսոփա Էմանուիլ Կանտը, ով հայերին աշխարհի հինգ բարձրակարգ ազգերից մեկն է համարել: Նա գտնում էր, որ այն ազգերը, որոնք լավ առեւտուր են անում, հենց նրանք էլ ապահովում են քաղաքակրթության զարգացումը: Իսկ հայերը դարեր ի վեր, իրոք, եղել են փայլուն առեւտրականներ: Այո, զարմանալի երեւույթ է հայկական միգրացիան. ցավ ենք ապրում երկիրը լքող ամեն հայի համար, բայց երբ բանը հասնում է աշխարհին ներկայանալուն, մտաբերում ենք հենց մեր տարբեր ժամանակների ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է վերազգային արժեքներ կրողներին. Վիլյամ Սարոյան, Ռուբեն Մամուլյան, Արշիլ Գորկի, Գալուստ Գյուլբենկյան, Քրք Քրքորյան, Գեորգի Գյուրջիեւ, Հովհաննես Այվազովսկի, Եվգենի Վախթանգով, Ռուբեն Սիմոնով, Ալեքսեյ Ջիվիլեգով, Անրի Վերնոյ, Սերգեյ Փարաջանով, Շառլ Ազնավուր, Ռոման Բալայան, Կարեն Շահնազարով, Արմեն Ջիգարխանյան, Գարիկ Մարտիրոսյան, շատ ու շատ ուրիշներ: Այս «միգրանտների» ցանկը կարելի է անվերջ շարունակել, պատմության ու ներկայի թաքստոցներից հանել գիտնականների, բժիշկների, մարզիկների, զինվորականների, իրավաբանների եւ տարբեր զբաղմունքի տեր հազարավոր անզուգական հայորդիների անուններ: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Հայ մարդն ուրիշ երկրներում աշխատելու, ինքնադրսեւորվելու եւ ինքն իրեն ակտուալացնելու տարածք է ունեցել: Վերջ, ուրիշ գաղտնիք այստեղ չկա: Իսկ սոցիալական արժանապատվության մասին էլ չենք խոսում: Մենք դիտավորյալ այստեղ չենք օգտագործում օտար բառը, որովհետեւ մեծ հաշվով, այլեւս օտար չէ այն երկիրը կամ համակարգը, որը մարդուն այս կամ այն չափով ինքնաիրացվելու հնարավորություն է ընձեռում: Խոսեք Միացյալ Նահանգներ, Եվրոպա ու Ռուսաստան մեկնած մարդկանց հետ եւ ուշադիր լսեք նրանց գնալու մոտիվների մասին: Առաջին խոստովանությունը, որ կլսեք, այն է, որ մարդն օտարության մեջ, ասես, կորցնում է իր սոցիալական կարգավիճակի բեռը եւ ազատագրվում միջավայրի ծանր կապանքներից, ինչը որ տեւականորեն նա զգացել էր մայր հայրենիքում: Աբսո՞ւրդ է, բնավ… Մեկն, օրինակ, ինձ ասաց. «Այ ցավդ տանեմ, էնտեղ ես 5 մարդուց մեկն եմ, էստեղ 105-րդն էլ չեմ»: Այստեղ է նաեւ միգրացիայի ամենահետաքրքիր, դժվար ու գուցե արժեքավոր բաներից մեկը, ռիսկի գործոնը, որը նոր պայմաններում նույնիսկ ամենաշարքային հայ միգրանտին կարող է դարձնել եւ առավել զգոն, եւ մրցունակ: Սովորաբար, ծանոթներն ու բարեկամները մեկնողներին վախեցնում են, ասելով՝ ո՞ւմ ես դու պետք այնտեղ: Սակայն շուտով օտարության մեջ հայտնված մարդը հասկանում է, որ ինքը ինչքան օտար երկրում որեւէ մեկին չի հետաքրքրում, այնպես էլ, ավաղ, հարազատ երկրում ոչ մեկին պետք չէր:
Նա պարզապես հասկանում է, որ ամենաշատը ԻՆՔՆ ԻՐԵՆ Է ՊԵՏՔ, որովհետեւ մեգապոլիսներում մարդն, ասես, տարալուծվում է ամբոխի մեջ, բայց փոխարենը գտնում է ինքն իրեն: Սա արդեն ազատության նոր զգացում է, նախորդ կապանքներից ու պայմանականություններից ազատ լինելու նոր իրավիճակ: Մի՞թե հրաշալի չէ, երբ մարդը կարող է մի օր էլ վերջ դնել իր հոգնեցուցիչ ու ճնշող կյանքի ռիթմին, նույնիսկ եթե այն բավարար չափերով բարեկեցիկ է, չմտածել, թե ինչ կասի հարեւան Վարդուշը, բարեկամ Անուշը ու հիմնարկի մեծաբերան Գուգուշը: Մի՞թե երբեմն ճիշտ չէ փոխել սեփական կյանքը, զբաղվել նոր գործով, փող վաստակել, օգնել հարազատներին ու մտերիմներին, ապրել այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում: Ու զգալ նաեւ, թե ինչպես կարելի է ամբողջ «գույքն ու ունեցվածքը» ակնթարթում խցկել ընդամենը մի ճամպրուկում եւ շարժվել ուր աչքը կկտրի: Օտար երկիրը, անգամ եթե այն քաղաքականապես հեռու է ազատ կամ դեմոկրատական լինելուց, կյանքի ներքին օրենքով արդեն ինքնադրսեւորվելու նոր մակարդակ է, կյանքն արկածի վերածելու, նրան նոր հայացքով նայելու, սեփական ընդունակությունները ի հայտ բերելու բացառիկ հնարավորություն, իսկ այս ամենը, համաձայնեք, խիստ մարդկային է ու գրավիչ յուրովի: Մարդը նաեւ զգում է, թե ինչպես վերափոխվեց իր սոցիալ-հոգեբանական ընկալումը, նա հասկանում է, որ այստեղ այլեւս չկան զանազան փրկիչ ԲՀԿ-ներ, ՀՅԴ-ներ, ՀԱԿ-եր, ՀՀԿ-ներ, ու նմանատիպ բաներ, որոնց ապավինի: Մարդն այս կերպ հասկանում է, որ այդ «քաղաքական գոլորշին» հարազատ երկրում իրեն միայն խանգարում էր՝ սոցիալական ու հոգեւոր ամուր հիմքեր ստեղծելու գործում: «Ես մենակ եմ, հետեւաբար, ես եմ իմ ուժն ու հենարանը»: Ահա նրա կյանքի նոր կրեդոն: Օտարությունից վերադարձողները սովորաբար մինչեւ վերջ անկեղծ չեն, քանի որ ակամայից հասկանալի պատճառներով ունեն մեղքի որոշ զգացում: Նրանց հայրենիքում, եթե ոչ բացահայտորեն, ապա գոնե լռելյայն հանդիմանում են կամ էլ նույնիսկ համարում դասալիքներ, մանավանդ, երբ նրանք շփվում են օրթոդոքս հայրենասերների հետ: Եվ, ավաղ, միշտ չէ, որ նրանք կարողանում են պարզորոշ ասել, թե մարդկայնորեն ի՞նչ տվեց եւ ի՞նչ տարավ իրենցից օտարությունը: Իրականում, չի գտնվի վերջին տարիներին երկրից հեռացած գեթ մի հայ, որն այս կամ այն չափով չզգա, որ ամեն դեպքում ինքը եղել ու դեռ մնում է, կոպիտ ասած, իբրեւ պարարտանյութ օտարների հողը բերրի դարձնելու համար: Եվ որ այդ տխուր «առաքելության» մեջ էլ հենց կայացել է իրեն մարդկայնորեն այդքան պակասող ինքնաակտուալացումը: Հետեւությունը մեկն է. հռչակելով անկախություն, ձեռք բերելով ազատություն՝ մենք պատասխանեցինք հարցի միայն փոքր մասին, այն է՝ անկախացանք ԻՆՉԻՑ, բայց այդպես էլ չասացինք, թե ԻՆՉՈՒ, հանուն ԻՆՉԻ: Ի վերջո, ինքնին շատ էլ մեծ բաներ չեն ազատությունն ու անկախությունը, եթե դրանք չեն տանում դեպի հոգեւոր ազատության ու մարդուն կենսականորեն պակասող ստեղծագործական ինքնաիրացմանը: Հենց այս ՀԱՆՈՒՆՆ է, որ այսօր դեռ կարոտ է պատասխանի:
ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
16.05.2015