Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը բողոքում է աստղաբաշխական թվերով ՀԷՑ-ի  վարձակալած «Լեքսուսներից» ու «Մերսեդեսներից»

Մայիս 18,2015 12:50

Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպեն. «Սոցիալական այս պայմաններում նման քայլի գնալն անթույլատրելի է»:

Նա տեղեկացրեց, որ 4 խմբակցություններ աշխատանքային  քննարկում են անցկացրել եւ անդրադարձել այդ խնդրին: Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց խորհրդարանական լսումներին հրավիրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Ռոբերտ Նազարյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին եւ հայտ ներկայացնող այն կազմակերպություններին, որոնք ըստ իրենց տեղեկությունների` շարունակում են աշխատել վնասով, բայց մազոխիստաբար շարունակում են աշխատել այդ ընկերությունների հետ. «Թեկուզ 1 լումայի թանկացումը կարող է ունենալ կործանարար հետեւանքներ»:

Նա առաջարկեց լայն ձեւաչափով քննարկման ժամանակ փորձել հասկանալ, թե ինչ հաշվարկների հիման վրա են պնդում, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀԾԿՀ-ն նյութերը, հայտը նոր է ստացել, երբ պատրաստ կլինի, լսումներ կանցկացվեն ԱԺ-ում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված խնդրին ԱԺ-ն ոչ թե պետք է պոստ ֆակտում արձագանքի, այլ պետք է նախապես այդ հարցի վերաբերյալ քննարկումներ անցկացնեն. «Կան բազմաթիվ հարցեր, ամենակարեւոր հարցը հետեւյալն է. ինչպես է ՀԷՑ-ը 300 մլն դոլարի պարտք կուտակել: Դուք ասում եք, որ հանձնաժողովը նոր է ստացել հայտը, բայց նախնական ուսումնասիրությունից պարզում ենք, որ Բաշխիչ ցանցերի ղեկավարության կարծիքով սպառողները պետք է վճարեն նաեւ աստղաբաշխական թվերով իրենց վարձակալած «Լեքսուսների, «Մերսեդեսների» համար: ԱԺ-ն չպետք է սպասողական դիրքորոշում որդեգրի:Այն մարդիկ՝ ընտրողները, որոնք ձեւավորել են այսօրվա ԱԺ-ն, ուղիղ պահանջ ունեն, որ մենք բարձրացնենք այդ հարցերը եւ փորձենք հասկանալ, թե ինչի հիման վրա է ՀԷՑ-ը բարձրացնում սակագինը»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այս հարցի համար պիտի բանակների բաժանվենք, ասենք՝ այո կամ ոչ: Եթե էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է, դա բոլորի հոգսն է: Ինչ վերաբերում է այսօրվանից քննարկելու համար, մենք որեւէ նյութ չունենք դրա համար: Դա ներկայացվել է համապատասխան լիազոր մարմնին: Երբ պատրաստ կլինի, ուսումնասիրություններ կունենան այս 2 օրը, կհրավիրենք լսումների: Դուք խոսում եք «Լեքսուսների» կամ այլ չարաշահումների մասին: Եթե այդ նյութերն ունեք, միանգամից համապատասխան մարմնի կարող եք տեղեկացնել, որ այդ հարցը քննարկվի: Իսկ եթե ցանկանում ենք համոզվել, թե ինչպիսի վերլուծություններ կան, պիտի սպասենք, մինչեւ լիազոր մարմինը ներկայացնի ձեր բոլորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031