Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Արթուր Շահինյանն ասաց, թե ինքը հավատացյալ է, այնպիսի ընտանիքում է դաստիարակվել, որ չէր կարող սպանությունն իրականացնել: Նա ցավակցեց 75-ամյա Անյա Մուսայելյանի ընտանիքի անդամներին:
Ամբաստանյալը քսանյոթ տարեկան է, ունի երեք տարեկան երեխա եւ դատարանում ասաց, որ անուններ տալու դեպքում կզրկվի իր երեխային տեսնելու վերջին հնարավորությունից էլ:
Երեխային տեսել է երկու տարի առաջ:
Ամբաստանյալը դատական նիստի ժամանակ ասաց. «Դատապարտվելուց չեմ վախենում, այլ վախենում եմ ընտանիքս կորցնելուց»:
Դատարանում հրաժարվելով պատասխանել դատախազի հարցերին, ամբաստանյալը նաեւ հայտնեց, թե գողության օրը իր հարեւանուհուն ոչ թե սպանելու, այլ գողության համար են հայտնվել բնակարանում: Ինքը կանգնել է բակում, իսկ իր հետ եղել են եւս երկուսը: Նրանք էլ դուրս գալով տարեց կնոջ բնակարանից՝ հայտնել են, թե չէին ուզում սպանել, բայց ստացվեց:
Դատական քննության եւ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքներում կային էական հակասություններ: Դա էր պատճառը, որ հրապարակվեցին այդ ցուցմունքները նույնպես:
Ըստ նախաքննության մարմնին տրված ցուցմունքի, ինքը տարեց կնոջ ննջասենյակում հայտնվել է պատշգամբով՝ բնակարան բարձրանալով:
Մտնելով պատշգամբ՝ ոտքը կպել էր չրերով սինիին: Չիրը թափվել է, նա սկսել է հավաքել այն: Ապա ներխուժել է ննջասենյակ, պահարանից վերցրել դոլար, պարսկական գումար, ոսկեղեն, ցանկացել է դուրս գալ տատիկի բնակարանից, սակայն վերջինս նկատել է նրան:
Թիկունքի կողմից գրկելով նրան՝ խեղդամահ է արել:
Նախաքննության ժամանակ ամբաստանյալը հայտնել էր նաեւ, որ գողացված գումարով գնել էր ավտոմեքենա: Ըստ նրա, դուրս գալով հարեւանուհու բնակարանից, կարծել է, թե ուշագնաց է եղել, արարքն էլ կատարել է միայնակ:
Ի դեպ, հարեւանուհու չհրկիզվող պահարանում եղել է 2900 ԱՄՆ դոլար:
Տարեց կնոջը, ըստ նախաքննության ցուցմունքի, սպանել էր, որպեսզի նա չճանաչի իրեն:
Դեպքը տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 19-ի գիշերը:
Մեղադրանքի կողմը մեղադրանքում նշել էր, թե նա եղել է չպարզված անձի հետ, բժշկական ձեռնոցներով: Մուսայելյանի բնակարանից հափշտակվածը որդու հանգուցյալ կնոջ զարդեղենն ու գումարն էր:
Մեղադրողի հրապարակած եզրակացության համաձայն, նրանք տարեց կնոջը տեղափոխել էին բակ, իսկ սպանությունից հետո վերցրել խոհանոցային սրբիչները, մաքրել հատակի արյունը, հնարավոր հետքերը, դիմել էին փախուստի:
«Առավոտ» օրաթերթ
16.05.2015