Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին օպերային թատրոնի ներկայացրած «Երեք սոպրանո» նախագիծը «վերաճել» է «Սոպրանո գալայի»

Մայիս 18,2015 13:30

Ցանկացած շոու, որն ունի ուշագրավ ինտրիգ ու պահանջարկ, դառնում է հաճելի եւ ընդունելի, մանավադ, երբ այն իրականացվում է դասական արվեստում: Ժամանակին օպերային երգիչներ Պավարոտին, Դոմինգոն եւ Կարերասը հարազատ մնալով թատրոնին, զուգահեռ ստեղծեցին տենորներից բաղկացած իրենց ծրագիրը՝ շրջելով ողջ աշխարհով: Կամ՝ հանրահայտ սոպրանոներ Քալեն Էսպիրյանը, Կասելլոյը եւ Լաուրենսեն տրիո կազմեցին՝ դարձյալ մեծ պահանջարկ ու ընդունելություն գտնելով աշխարհում: 2010թ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանն ու Նունե Բադալյանը, առաջին անգամ մեր իրականության մեջ, Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ՝ թատրոնի նվագախմբի հետ հանդես եկան «Երեք սոպրանո» նախագծով: Ընդ որում, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը մեծ աշխատանք էր կատարել՝ տրիոյի համար մշակելով Կոմիտասի, Մելիքյանի, Դոլուխանյանի, ինչպես նաեւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:

3

Նունե Բադալյան

4

Մագդա Մկրտչյան

1

Լիլիթ Սողոմոնյան

Օրերս տեղեկացանք, որ Ազգային օպերային թատրոնում մայիսի 19-ին կկայանա «Սոպրանո գալա» երեկոն: «Առավոտը» հանդիպեց երեկոն վարող դիրիժոր Հարություն Արզումանյանին, որն ասաց, թե նախկինում կայացած «Երեք սոպրանո» նախագծի մեներգիչներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Մարինե Դեինյանին (լուսանկարում), Նունե Բադալյանին եւ Մագդա Մկրտչյանին միացել է թատրոնի առաջնակարգ մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Սողոմոնյանը: Հետաքրքրությանը, թե այս անգամ 4 կատարողները ի՞նչ ստեղծագործություններով են հանդես գալու, դիրիժորը նշեց, որ այս նախագիծը արմատապես տարբերվում է «Երեք սոպրանո» ծրագրից:

Սոպրանոներից երեքը միասին հանդես կգան միայն համերգի ավարտին՝ կատարելով տրիո Ռիխարդ Շտրաուսի «Վարդերի ասպետը» օպերայի ֆինալից: Առանձին-առանձին էլ կկատարեն արիաներ աշխարհում դեռեւս չբեմադրված կամ հազվադեպ ներկայացվող օպերաներից, օրինակ, Շարպանտյեի «Լուիզ», Ջորդանոյի «Անդրե Շենյե», Պուչինիի «Տուրանդոտ», «Մանոն Լեսկո», Դվորժակի «Ջրահարսը» եւ այլն»,- տեղեկացրեց Հարություն Արզումանյանը: Հավելեց նաեւ, որ սա յուրօրինակ «համերգային» դասընթաց է երիտասարդ երաժիշտների համար:

Հարցին՝ ինչո՞ւ ծրագրում ընդգրկված չեն արիաներ հայ հեղինակների օպերաներից, դիրիժորը պատասխանեց. «Չորս երգչուհիներն էլ զբաղված են թատրոնի խաղացանկային ներկայացումներում, այդ թվում՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ-Բեկ», Սպենդիարյանի «Ալմաստ», Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա»:
Հարություն Արզումանյանը հավաստիացրեց, որ նվագախմբի երաժիշտները ոգեւորությամբ են աշխատում: Փաստեց, որ նվագախումբը (կոնցերտմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյան) վերջին շրջանում իրականացնում է այլ ծրագրեր, նույնիսկ դպրոցականների համար: Օրինակ, օրերս Կամերային երաժշտության տանը Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 85-ամյակի առիթով նվագախումբը Աթանես Առաքելյանի ղեկավարությամբ հանդես եկավ այդ դպրոցի սաների հետ, «Օպերային արվեստը կրթօջախներում» նախագծի շրջանակներում: 2014թ. համերգներով հանդես ենք եկել ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Վանաձորի, Գյումրիի դպրոցականների առջեւ: Ավելին, իրականացվել է նաեւ փոքր հանդիսատեսի համար ծրագիր՝ «Հեքիաթն է կանչում» խորագրով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031