Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Բոսթոնում և ԱՄՆ այլ քաղաքներում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը հերքող թուրքական նախաձեռնության գովազդային պաստառներ: Boston Magazine պարբերականը հայտնում է, որ վահանակները բողոքի ալիք են առաջացրել, ինչից հետո դրանք տեղադրող Outfront Media ընկերությունը գովազդը հեռացնելու որոշում է կայացրել:
Կազմակերպության մամուլի խոսնակ Կարլի Զիփը հայտարարել է, որ գովազդը կհեռացվի շաբաթ նաև այլ քաղաքներից:
Պարբերականը նաև հիշեցնում է, որ ապրիլին The Boston Globe-ը խմբագրականով կոչ էր արել ԱՄՆ կառավարությանը պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը: Հոդվածը տպագիր ձևաչափով հրապարակվել էր ապրիլի 24-ին: Սակայն Globe-ի խմբագրականից մի քանի էջից հետո հայտնվել էր Ցեղասպանությունը ժխտող կայքի գովազդ: The Globe-ը միակը չէր, որն առերեսվել էր նման երկընտրանքին: Այսպես, The New York Times-ը մերժել էր Հայոց ցեղասպանությունը հերքող մի գովազդ:
«Մենք ընդունում ենք միայն այնպիսի գովազդ, որը համապատասխանում է մեր կողմից ընդունված չափանիշներին», – Boston Magazine-ին ուղղված էլեկտրոնային նամակում գրել է The New York Times-ի կորպորատիվ հաղորդակցությունների տնօրեն Լինդա Զեբիանը:
Կարդացեք նաև
Մեկ այլ պարբերականի՝ The Times-ի գովազդային քաղաքականությունը հատուկ հղում է անում Հայոց ցեղասպանությանը: «Մենք չենք ընդունում գովազդ, որը հերքում է մարդկային ողբերգությունները: Այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Համաշխարհային առևտրի կենտրոնների ռմբակոծությունը, Հոլոքոսթը, ստրկությունն ԱՄՆ-ում, Հայոց ցեղասպանությունը կամ Իռլանդական սովը, չեն կարող հերքվել կամ աղավաղվել գովազդի միջոցով», ասված է թերթի գովազդային քաղաքականության նկարագրության մեջ: