Ուսանելու մեր 5 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ Թանգարանների միջազգային օրը նշելու ենք առանց մեր մեծ ուսուցչի: Եվ չհիշել թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի վարիչ Լավրենտի Բարսեղյանին, որը Հայաստանում թանգարանագիտության զարգացման գործում իր զգալի ավանդն ու ներդրումն է ունեցել, այն մարդուն, որը սերունդներ է կրթել և մասնագետներ պատրաստել մեր երկրի թանգարանների համար, ուղղակի անհնար է:
Երջանիկ ենք, որ Լավրենտի Բարսեղյանի ժամանակակիցն ենք եղել և ավելին`նրա ուսանողները և անցել թանգարանագիտության նրա հմուտ դպրոցը: Նրա հետ անցկացրած ամեն մի վայրկյանը գիտելիքների մեծ պաշարի ձեռքբերման աղբյուր էր: Բոլորս մեր հուշերում ունենք նրա` տաղանդավոր և հոգատար մարդու օրինակը:
Մեր ուսումնական յուրաքանչյուր օրն սկսվում էր պ. Բարսեղյանի ողջույն-հանդիպումով: Համալսարանական մեր ամբիոնը նա մեզ համար դարձրել էր տան պես ջերմ և հարազատ մի վայր, որտեղ անցկացնում էինք մեր կյանքի մեծ ձեռքբերումների ժամանակը` ուսանելու տարիները: Ամեն օրը մի նոր բացահայտումների օր էր. Բարսեղյանի շնորհիվ ծանոթություններ և շփումներ էինք ունենում մեր մեծերի հետ: Սիրով և ջերմությամբ ենք հիշում նրա խորհուրդները, միևնույն ժամանակ տխրում, որ նա այլևս մեզ հետ չէ:
Այն ուսանողները, ովքեր անցան Բարսեղյանի դպրոցը և ովքեր դեռ կանցնեն՝ նրա թողած ժառանգության շնորհիվ, խորին երախտագիտությամբ և ակնածանքով կհիշեն նրան, ով ժամանակի փոշուց և կործանումից փրկեց բազում մասունքներ, ով հայրենասիրության մեծ դասեր տվեց, ազգային մտածողության օրինակ եղավ և ապրեց որպես մեծ երախտավորը իր ժողովրդի:
Խոնարհվում ենք Ձեր մեծության առջև, մեր Մեծ Ուսուցիչ:
Տաթևիկ ՔԱՐԱՄՅԱՆ՝
ՀՊՄՀ թանգարանագիտության և հուշարձանագիտության բաժնի մագիստրատուրայի I կուրսի ուսանողների անունից