Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուղայի գերեզմանատունը «կվերականգնվի» 3D ձեւաչափով

Մայիս 18,2015 13:00

Ավստրալիայի կաթոլիկ համալսարանի
նախաձեռնությամբ Ջուղան «կվերադարձվի» բոլորին

Ավստրալիայի կաթոլիկ hամալսարանի նախաձեռնությամբ «կվերականգնվի» Ջուղայի գերեզմանատունը: «Ջուղայի խաչքարային դաշտի վիրտուալ հայրենադարձությունը» ծրագրի շրջանակներում առկա փաստերի հիման վրա ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով «կվերականգնվի» Ջուղայի գերեզմանատունը` 3D ձեւաչափով: Նախ կհավաքագրվի ճարտարապետական, լանդշաֆտային, լուսանկարչական, հետազոտական նյութը, այնուհետեւ դրա հիման վրա կստեղծվի 3D ցուցադրություն, որը նախատեսվում է տեղադրել Երեւանում եւ աշխարհի տարբեր վայրերում: Արդյունքում՝ յուրաքանչյուր ոք «կհայտնվի» Ջուղայի գերեզմանատանը` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:
Հիշեցնենք, որ Ջուղայի գերեզմանատունը եւ Նախիջեւանի տարածքի հուշարձանների ողջ հայկական շերտը 1998-2006-ին գետնին են հավասարեցվել: Այժմ Ջուղայի գերեզմանատան տարածքում ոչ մի խաչքար չկա. դրանք խճաքարերի վերածելով` լցրել են Արաքսը:

6-2-2

Ավստրալիայի կաթոլիկ hամալսարանի խորհրդի պատվավոր անդամ Դյուդիթ Քրիստինը «Առավոտի» հետ զրույցում դատապարտելով կատարվածը՝ նշեց, որ ցեղասպանությունը դեռ շարունակվում է: Նա պատմեց, որ ժամանակին իրենց համալսարանում ցեղասպանության վերաբերյալ քննարկում են նախաձեռնել, ներկա է եղել Վիգեն Բաբկենյանը եւ կարծիք հայտնել, թե ցեղասպանությունն ավարտված երեւույթ չէ: Այդ ժամանակ նա ցույց է տվել Արգամ Այվազյանի գիրքը` Ջուղայի գերեզմանատան մասին: Հենց այդ ժամանակ էլ ծնվել է նախաձեռնությունը: Դյուդիթ Քրիստինը հիշեցրեց, որ Ավստրալիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեեւ ըստ էության դրա ականատեսն է եղել ու նաեւ շեշտեց, թե իրենց իրականացրած ծրագիրը ներողության նման մի բան է:
Արդեն լույս է տեսել Դյուդիթ Քրիստինի «Նոյի երկրում» գիրքը, որտեղ ներկայացված են Վիգեն Բաբկենյանի, Արմեն Ցակավյանի, Տիգրան Կույումջյանի եւ Համլետ Պետրոսյանի էսսեները: Պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր էսսեն Ադրբեջանի քաղաքականության մասին է` հայ մշակույթի նկատմամբ իրականացված ցեղասպանության դիտանկյունից: Մեզ հետ զրույցում պարոն Պետրոսյանը ծրագրի օգտակարության մասին ասաց. «Սա մի նոր բան է. մենք վերականգնում ենք, ապա նաեւ վերադարձնում Ջուղան բոլորին: Դրա օգտակարությունն այն է, որ այդպիսով ցույց ենք տալիս աշխարհին նման վանդալիզմի հակաարդյունավետությունը: Իսկ գրքի հրատարակումը մեծ ծրագրի իրականացման առաջին քայլն է: Նպատակն է աշխարհին ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել ընդհանրապես հայ մշակույթի հետ, ինչ է նշանակում մշակութային եղեռն, որոնք են դրա դրսեւորումները մեր օրերում: Փորձ է արվում գիտական, հասարակական հանրույթի ուշադրությունը հրավիրել այս ընթացքի վրա»:
Պատմաբան, հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանը մտահոգություն հայտնեց, որ նման գործերը չեն արվում պետական մակարդակով. ոչ միայն Ջուղայի, այլեւ Նախիջեւանի առկա միակ արխիվը մինչեւ այժմ չի թվայնացվել: Արգամ Այվազյանը կոչով դիմել է ողջ հանրությանը, սակայն ապարդյուն: Ավստրալական համալսարանին պարոն Այվազյանը տրամադրել է իր անձնական արխիվը` շուրջ 2500 լուսանկար: Սրանք Արգամ Այվազյանը կատարել է ամենադժվարին պայմաններում`հաճախ գաղտագողի: Վերջին անգամ նա Ջուղայի գերեզմանատան տարածքում եղել է 1987-ին: Արցախյան շարժումից հետո չի հաջողվել կրկին այցելել, ու այդպես էլ 250-ից ավելի խաչքարեր անհայտ են մնացել հայագիտությանը: Հայագետի կարծիքով` նման ծրագրերն ունեն նաեւ ռազմավարական նշանակություն. «Պետք է ջանքեր գործադրել, որ վերականգնվի Ջուղայի գերեզմանատան տարածքը ու ներկայացվի համաշխարհային մշակութային քաղաքականությանը եւ դիվանագիտությանը: Ցավալի փաստ է, որ Նախիջեւանի խնդիրը մեր հանրապետության պետական ծրագրերում այսօր չկա, այնինչ դա պետք է ուսումնասիրված լինի եւ անհրաժեշտ պահին ներկայացվի»: Թեեւ Արգամ Այվազյանը նկատում է, որ Նախիջեւանի տարածքն իր բազմազանությամբ, մշակույթով եւ ազգագրությամբ ամենալավ ուսումնասիրված տարածքն է:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում` Ավստրալիայի կաթոլիկ hամալսարանի խորհրդի պատվավոր անդամ
Դյուդիթ Քրիստինը:

«Առավոտ» օրաթերթ
16.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031