Ամերիկացի Ֆլոյդ Մեդվեյզերը «Դարի մենամարտում» միավորներով հաղթելով
ֆիլիպինցի Մենի Պակյաոյին՝ մնաց պրոֆեսիոնալ ռինգում ոչ մի պարտություն
չկրած բացառիկ բռնցքամարտիկներից մեկն աշխարհում:
Քչերը գիտեն, որ դեռ 1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերի ռինգը 57 կգ քաշային կարգում միմյանց դեմ է հանել Մեդվեյզերին եւ Անկախ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, այժմ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին:
«Առավոտի» հետ զրույցում Արթուր Գեւորգյանը հիշել է այդ մենամարտի մանրամասները:
– Պարոն Գեւորգյան: Դժվա՞ր էր Մեդվեյզերի հետ մենամարտելը:
– Նախ ասեմ, որ այդ մենամարտին ես ներկայացա չպատրաստված՝ մրցակցիս մասին պատկերացում, որեւէ տեղեկություն չունենալով: Մեր մարզչական թիմը լավ աշխատանք չտարավ: Ես չգիտեի, թե ում հետ եմ մենամարտելու: Մեր մարզիչներն էլ նրան ճիշտ չներկայացրին: Անգամ չգիտեի, թե նա ձախակողմյա՞ն կեցվածքով բռնցքամարտիկ է, թե՞ աջակողմյան: Մարտից առաջ ես խնդրել էի, որ ուսումնասիրեն ապագա մրցակցիս նախորդ մարտերը: Բայց մարզչական թիմում անկումային տրամադրություն էր. մեր ուժեղագույն բռնցքամարտիկները՝ Նշան Մունչյանը եւ Մեխակ Ղազարյանը, արդեն պարտվել էին եւ մարզչական շտաբը թեւաթափ էր եղած: Մյուս կողմից՝ նրանք ինձ՝ դեռ 20-ամյա բռնցքամարտիկիս, որին այնքան էլ չէին համակրում ինքնուրույնության համար, մի տեսակ մատների արանքով էին նայում: Մեդվեյզերի մասին մի քանի ինֆորմացիա տվեց միայն Դավիթ Թորոսյանը, որին մարտի նախորդ օրը պատահաբար հանդիպեցի օլիմպիական ավանում: Հետաքրքրվեց: Եվ տեղեկանալով՝ մրցակիցս ամերիկացի է, ենթադրեց, որ Մեդվեյզերն է լինելու: Ասաց, որ նա Ամերիկայի թիմի ամենաուժեղ ներկայացուցիչն է, մի երկու տեղեկություն նրա մասին եւ խորհուրդ տվեց զգոն լինել:
Առաջին ռաունդում կաշկանդված էի ու տանուլ տվեցի: Օլիմպիական խաղեր, որ անցկացվում են ԱՄՆ-ում ու ամերիկացի մրցակից, դահլիճը, հազարավոր հանդիսատեսները, որոնց համար բռնցքամարտը մի ուրիշ աշխարհ է, նրանց երկրպագելը իրենց մարզիկին… այդ ամենը նորություն էր ինձ համար, անծանոթ մթնոլորտ: Դրան գումարած՝ դա ըստ էության իմ առաջին լուրջ մրցաշարն էր դրսում, թեեւ դրա նախորդ տարում առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը՝ ուղեգիր էի նվաճել:
– Այդ մարտի տեսագրությունից երեւում է, որ առաջին ռաունդում իսկապես զիջեցիք: Բայց հաջորդ երկուսի մասին նույնը ասել չի կարելի:
– Ֆլոյդ Մեդվեյզերը ոչ սիրողական, ոչ էլ պրոֆեսիոնալ ռինգում երբեք թույլ չի եղել: Փաստն արձանագրված է՝ պարտվել եմ ու չեմ ասի, թե ես հաղթել եմ: Այդուհանդերձ, կարծում եմ, որ ռեֆերին դրանում դերակատարություն ունեցավ: Երկրորդ ռաունդը իմն էր, երրորդն ավարտվեց հավասար պայքարում: Բռնցքամարտում մրցավարական միջամտության բազմաթիվ խորամանկ նրբություններ կան: Երբ գրոհ ես նախաձեռնում, պատրաստ ես գործողություններ կատարել եւ մրցավարը դա տեսնելով՝ «ստոպ» հրահանգ է տալիս հենց այդ պահին՝ մարտավկաներին «դիտողություն» անելու համար, կամ հաջողված գրոհիդ կեսին սխալ շարժում կամ հարված է «տեսնում», ամեն ինչ կոտրվում է, անգամ հոգեբանությունդ: Այն ժամանակ մրցավարները մարտին միջամտելու ավելի լայն իրավունք ունեին, քան հիմա:
– Այսինքն, եթե մրցավարությունն անկողմնակալ լիներ, կհաղթեի՞ք:
– Ոչ միայն մրցավարությունը: Եթե կողքիս ավելի պրոֆեսիոնալ մարզչական թիմ լիներ, ինչո՞ւ չէ: Ու հնարավոր էր նաեւ, որ հետագայում այդ բարձունքներին մենք հասնեինք:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.05.2015