Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊՆ-ն բանակի մասին քննադատություններին հակադարձում է

Մայիս 18,2015 16:00

Օրերս բանակի խնդիրների, նորարարական տեխնոլոգիաները զինված ուժերում օգտագործելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը խոսեց «բանակի բլեֆի ու փուչիկի» մասին: Նա ասաց, որ առաջնագծում այդքան զոհ կարող էինք չունենալ, բայց ունենք պրոբլեմներ՝ հոգեբանական, ինստիտուցիոնալ եւ բյուրոկրատական, որոնք գիտահետազոտական ոլորտի մարդկանց զզվեցնում են եւ չեն ուզում էլ աշխատել ՊՆ-ի հետ. «Մարդիկ փորձում են նախարարի մոտ ցույց տալ, որ իրենք գիտակ են այդ խնդրից, բայց ընդհանրապես տեղյակ չեն: Նախարարը լսում է կարծիքներ եւ չի կարողանում հասկանալ՝ որն է ճիշտ: Արդյունքում ունենք սահմանի վրա խփված տղերք: Կարող ենք լուծել բազմաթիվ խնդիրներ, որ այդպես չլինի, բայց չի արվում: Ինչու չի արվում՝ ոչ ոք չի կարող պատասխանել: Չկա կամուրջ բարձր տեխնոլոգիաների ոլորտի եւ բանակի միջեւ»:

Այս առնչությամբ «Առավոտը» պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին խնդրեց պարզաբանել՝ համաձա՞յն է ՊՆ-ին ուղղված քննադատությունների հետ. «Իհարկե, ոչ: Ամենագլխավոր խնդիրն այն է, որ կա պահանջարկ, կան պրոբլեմներ, որ ունի պաշտպանության նախարարությունը: Երբ որ այդ նորարարական տեխնոլոգիաների կազմակերպությունները փորձում են գիտահետազոտական աշխատանքներ իրականացնել, այն ուղղությամբ են անում, որը ՊՆ-ին այդ պահի դրությամբ չի հետաքրքրում: Այդ դեպքում ստացվում է, որ պատվեր չեն տալիս»,- պատասխանեց փոխնախարարը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ չեք զրուցում, պայմանավորվում, այսինքն՝ չկա՞ կամուրջ ՊՆ-ի եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետների միջեւ՝ փոխնախարարը պատասխանեց. «Այդպես չի: Մենք անընդհատ ընդունում ենք ցանկացած առաջարկ, որը պետք է ՊՆ-ին, եւ քննարկում ենք, համապատասխան եզրակացությամբ պատասխանում ենք՝ կամ այո, սա պետք է ՊՆ-ին, կամ ասում ենք, որ այսօրվա պահով տվյալ առաջարկը մեզ չի հետաքրքրում: Այնպես որ, ես չեմ կարծում, որ բյուրոկրատական քաշքշուկները որ ասում են, դա կապված է ՊՆ-ի հետ: Ավելի շուտ այստեղ նրանք խնդիր են դնում, որ աշխատեն նախարարության հետ այն ուղղություններով, ինչն իրենց է հետաքրքրում, ոչ թե ՊՆ-ին: Սա է խնդիրը»:

Մեր հարցին՝ կարո՞ղ է սխալ են զեկուցում նախարարին, պարոն Միրզաբեկյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե սխալ զեկուցեն, նախարարը միշտ ճիշտ որոշում է կայացրել: Համենայնդեպս, վերջիվերջո, նախարարի որոշումն է կարեւոր, նախարարն իր որոշումը կայացրել է»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031