Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր դաշտի ամայացումը

Մայիս 18,2015 12:00

ԲՀԿ-ի անակնկալ փլուզումից ու կազմալուծումից հետո Հայաստանի
ներքաղաքական դաշտում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ընդդիմությունը գրեթե անելիք չունի:

Այս պահին, փաստորեն, անելիք չունի:

ԲՀԿ-ն վերակազմավորման փուլում է, եւ դժվար է գուշակել՝ ինչպիսի շարունակություն ու ընթացք է ունենալու: ՀԱԿ-ն իր վերակազմավորման փուլը վաղուց է ավարտել, բայց, ըստ էության, նույնպես վերակառուցման ու վերակազմավորման փուլում է գտնվում, որովհետեւ վերջին մի քանի տարիներին ՀԱԿ-ը ԲՀԿ-ից առանձին, փաստորեն, գոյություն չի ունեցել: Իր իսկ կամքով: ԲՀԿ-ից առանձին գոյություն ունենալու համար ՀԱԿ-ը ոչ միայն պիտի վերակառուցվի ու վերակազմավորվի, այլեւ պիտի հիմնովին վերանայի իր քաղաքական հայացքները, իսկ ավելի ճշգրիտ ասած՝ ՀԱԿ-ը ոչ թե պիտի վերանայի, այլ պիտի վերագտնի այս վերջին երեք ու չորս տարիների ընթացքում իր կորցրած քաղաքական հայացքները:

«Ժառանգությունն» իր մշտական անորոշ ու վերացական վիճակում է: Բացառությամբ, իհարկե, Զարուհի Փոստանջյանի: Նիկոլը, ինչպես միշտ, ընդդիմություն է, եւ ինչպես միշտ՝ միայնակ, չնայած դե յուրե Սասուն Միքայելյանի հետ գործակցությունը ֆիքսված է քաղաքացիական համաձայնագրի շրջանակներում: Բագրատյանն էլ է փաստորեն միայնակ: Հայրիկյանն էլ միայնակ մեկ նալին է խփում, մեկ՝ մեխին: Ալիկ Արզումանյանն էլ, չնայած դե յուրե ե՛ւ «Ժառանգության», ե՛ւ «Ազատ դեմոկրատների», ե՛ւ նորագույն ՀՀՇ-ի հետ էս ընթացքում ահագին առնչվեց, ինքն էլ է փաստորեն միայնակ գործում ու «ստեղծագործում»: Մի քանի ակնթարթ վերածնված Կարապետիչն ու մյուսները Ծառուկյանի լիակատար կապիտուլյացիայից հետո վերստին չգոյության վերածվեցին: Արամ Զավենիչի շուրջ դեռեւս մարդիկ կան, բայց ինքն էլ է ըստ էության միայնակ:
Ո՞վ մնաց: Պիտի հիշողություններիս զոռ տանք, որպեսզի հիշենք: Գեղամյանին, Բաբուխանյանին, Արշակ Սադոյանին, դեմոկրատ Արամ Սարգսյանին ու էլի շատերին չենք մոռացել, բայց նրանք անհիշելի ժամանակներից ընդդիմություն չեն: Նույնիսկ Հեղինե Բիշարյանն է նրանցից ավելի ընդդիմություն: Եվ նույնիսկ Արթուր Բաղդասարյանը: Եվ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը՝ որսից ազատ ժամերին:

Ջահել քաղաքացիականներն էլ ինչ-որ չեն երեւում: Իրենք իրենց ինչ-որ չեն հիշում, մոռացել են: Սեֆիլյանին ու նախախորհրդարանականներին չենք մոռացել: Իշխանությունները չեն թողնում, որ մոռանանք նրանց ու անձամբ Շուշիի առանձնակի գնդի հրամանատարին: Սեֆիլյանի այս պաշտոնն ու կոչումը հատկապես իր համակիրներն են նշում, ինչպես նաեւ՝ ընդդիմադիր հովերով տոգորված մարդիկ: Այսինքն՝ երկրապահական սինդրոմը բոլորիս մեջ հավասարապես նստվածք ունի, եւ գեներալ Մանվելն ու ՀՀԿ-ն մեզանում միակը չեն, որ հակված են ռազմականն ու քաղաքականն իրար խառնել ու իրար հետ շփոթել: Շատերն են զարմանք հայտնում, որ Շուշիի առանձնակի գնդի հրամանատարին ազատազրկման են ենթարկում, մինչդեռ մտավորական Գարեգին Չուքասզյանի ազատազրկման առթիվ քչերն էին արտահայտվում ու անհանգստություն հայտնում: Նույնիսկ շատերը տեղյակ էլ չէին, որ Գարեգին Չուքասզյան անունով ու ազգանունով մարդ էր կալանավորված, մինչդեռ Չուքասզյանը, Սեֆիլյանն ու նրանց կուսակիցները, փաստորեն, այսօրվա ընդդիմադիրներից ամենաարմատականներն են: Ուզենք, թե չուզենք՝ դա փաստ է: Հավանենք, թե չհավանենք նրանց՝ իրենք ընդդիմություն են: Կարող ենք նրանց կարծիքների ու գործողությունների հետ չհամաձայնվել, բայց համաձայնվել, որ ընդհանրապես ընդդիմություն գոյություն չունենա՝ իրավունք չունենք: Առավել եւս իրավունք չունենք ազատազրկել եղածներին ու դեռեւս գոյություն ունեցողներին: Առավել եւս իշխանություններն այդ իրավունքը չունեն, որովհետեւ հիմնականում իշխանության ներկայացուցիչներն են եվրոպական ժողովրդավարական հաստատություններում բարձրագոչ ելույթներով ու խոստումներով հանդես գալիս:
Բայց, մյուս կողմից էլ, ընդդիմության թուլության եւ, արդեն կարելի է ասել, չգոյության հիմնական պատասխանատուն ընդդիմությունն ինքն է: Ոչ ոք չէր ստիպել ՀԱԿ-ին, որ իր ներկան ու ապագան ԲՀԿ-ի հետ կապի:

ՀԱԿ-ը ոչ միայն իր, այլեւ գրեթե ողջ ընդդիմության ճակատագիրը ԲՀԿ-ի հետ կապեց եւ, փաստորեն, իրեն ու գրեթե ողջ ընդդիմությանն արժանացրեց ԲՀԿ-ի ճակատագրին:
Այդ ծիծաղելի խաղից իրեն դուրս դրած միակ ընդդիմադիր ուժը, փաստորեն, Հիմնադիր խորհրդարան վերանվանված Նախախորհրդարանն էր, որի գլխավորները վերջերս անազատության մեջ էին: Եվ ընդդիմադիրների անազատության մեջ գտնվելն ամենեւին էլ իշխանության համար փրկություն չէր կարող լինել, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ մեր ընդդիմադիրներն անազատության մեջ ավելի ակտիվ ու ավելի ճիշտ են գործում, քան ազատության մեջ: Ցավոք սրտի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
16.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031