Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ սովորեց արծիվը, երբ անապատի մեջ հանդիպեց միայնակ ծառին

Մայիս 18,2015 11:30

Անապատում մի ծառ էր միայնակ աճում: Կիզող արեւն ու տաք քարերը բռնել էին նրա բնից, բայց ծառն աճում էր ու մեծանում: Նա չէր հանձնվում, պայքարում էր, հավատում էր ու այսպիսով՝ մեծանում: Մի օր անապատի վրայով մի արծիվ էր անցնում:

Արծիվը ցած իջավ ու նստեց ծառի ճյուղին, որպեսզի հանգստանա: Նա նայեց շուրջն ու ասաց.
-Դու տարօրինակ ծառ ես: Ինչո՞ւ ես շարունակում պայքարել ու ապրել այս մահացած տաք ավազների վրա: Ո՞ւմ ես պետք դու:
-Քե՛զ, պատասխանեց ծառը:
-Ի՞նձ, զարմացած հարցրեց արծիվը: Ո՛չ, դու ինձ բնավ պետք չես:
-Բայց եթե ես չլինեի, դու հիմա պետք է նստեիր կիզիչ ավազների վրա, որպեսզի հանգստանայիր: Ու եթե ես չլինեի, ու մեկը քեզ տեսներ մենակ վառվող ավազների մեջ նստած, կասեր՝ երեւի դու էլ ոչ մեկին պետք չես, դրա համար էլ մենակ ես: Մի ծառ էլ չկա, որ վրեն նստես ու հանգստանաս, էլ դո՞ւ ինչի ես ապրում: Բայց այստեղ հիմա իմ ճյուղերի վրա հանգրվանելով՝ գոնե դու մտածում ես, որ ես քեզ պետք ունեմ:
Արծիվը մտածեց այս մասին ու համաձայնեց ծառի հետ: Նա հասկացավ, որ եթե այս ծառը չլիներ, նա կմնար մեն-մենակ այս ընդարձակ անապատի մեջ ու անօգտակար:
Սիրելի հայրենակից, դուք տեսնում եք, որ շատ հաճախ մեր հասարակության մեջ իրենք իրենց ուժեղ համարողները թույլերին ու միայնակներին վերեւից են նայում ու անտարբերության մատնում: Մինչդեռ այս օրինակով տեսանք, թե որքան անհրաժեշտ ենք մենք մեկս մյուսին, ու որքան հեշտ է դա չտեսնելը:

Առանց դիմացինի՝ մենք դառնում ենք մենակ ու անօգտակար: Կյանքը արծվի պես ապրելը չէ, այլ ծառի, երբ դու ապրում ես այնպես, որ թռչունները կարողանան գալ ու քո ճյուղերի վրա հանգստանալ: Արդյունքում, մեկ էլ տեսար, թռչունն էլ է մի դաս սովորում քո ճյուղերի վրա հանգստանալով ու ինքն էլ գնում ուրիշի համար հագստյան հանգրվան դառնում: Մեր հավատքի մեջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ այսպես սովորեցրեց: Նա ասաց, որ «Աստուծո Արքայության մեջ մշտապես ապրելը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մեջ։ Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն, երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Ավետարան ըստ Մաթեւոսի 13:31-32):

Գիտե՞ք, ռուս սիրված հայրերից մեկը՝ Սերաֆիմ Սարովսկին, երբ մարդ էր տեսնում, ողջունում էր նրան, ասելով՝ «Ողջույն, իմ ուրախություն»: Ահա տեսնո՞ւմ եք, մենք ամեն մեկս լցնում ենք իրար կյանքերն ու իրար պաշտպանում մենությունից ու անօգտակարության զգացումից: Եթե մենք սա անենք հասկանալով, ապա անշահախնդիր սերն ու պարզ մարդկային հոգատարության զգացումները կլցնեն մեր բոլորի կյանքերը՝ լույս ու տարածություն ավելացնելով մեր սրտերում: Ինչքան
կփոխվեր մեր հայրենիք Հայաստանը: Թող Աստված օրհնի մեր հայրենիքը՝ իրար նկատմամբ սերն ավելացնելով:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031