Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն երեք տարի Ջահանգիր աղայի անվան փողոցի հարցը չի լուծվում

Մայիս 18,2015 11:09

Հարգելի՛ քաղաքապետ, 2012 թվականից եզդի համայնքը դիմել էր Ձեզ՝ խնդրանքով, որպեսզի Երևան քաղաքում Սարդարապատի ճակատամարտի եզդի հերոս Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչվի: Այս տարիների ընթացքում հարցի առնչությամբ տարբեր զարգացումներ տեղի ունեցան. Ձեր աշխատակազմի խնդրանքով մենք ներկայացրինք պատմական փաստեր Ջահանգիր աղայի Սարդարապատի և Բաշ-Ապարանի նրա մասնակցության կարևորության մասին, ներկայացրինք Պատմության ինստիտուտից տեղեկանք Ջահանգիր աղայի պատմական դերակատարման մասին:

Քաղաքապետարանում մեզ խնդրեցին ներկայացնել անվանում չունեցող փողոց, որի անվանակոչումը ավելի դյուրին պրոցես էր ենթադրում: Այս ամենը մեր կողմից արվել է պատշաճ կերպով և մենք չենք զլացել և չենք սրտնեղել, որ Երևանի քաղաքապետարանից Ջահանգիր աղայի կատարածի համար տեղեկանք է անհրաժեշտ եղել: Երկար սպասելուց հետո քաղաքապետարանից մենք ստացանք պատասխան, որ ավարտական աշխատանքներն են մնացել և հարցը կմտնի ավագանու օրակարգ: Այս մասին լրատվամիջոցներից մեկի հետ խոսելիս հայտարարեցիք նաև Դուք և նշեցիք, որ մնացել է միայն փողոցի ընտրության հարցը: Ամիսներ անց, քաղաքապետարանում տեղի ունեցած մի հանդիպման ընթացքում Ձեր աշխատակիցները ներկայացրին, որ պրոցեսը դժվարանում է, քանի որ բարդ է փողոցի անվանափոխություն իրականացնել, որովհետև բնակիչների հետ կառաջանան դժվարություններ, որոնք քաղաքապետարանի համար անհաղթահարելի էին:

Ինչ-որ տեղ ըմբռնմամբ մոտեցանք` հուսալով, որ որոշ ժամանակ անց խնդիրը կհարթվի: Որքան էլ, որ զարմանալի էր մեզ համար, արդեն երեք տարի Ջահանգիր աղայի անվան փողոցի հարցը չի լուծվում` Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնավորելով, թե դա բարդ պրոցես է, սակայն ի զարմանս մեզ այդ պրոցեսը բարդ չէ պատմական այլ դեմքերի անվամբ փողոցներ կոչելու համար: Այս ընթացքում Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ մի քանի փողոցների անվանափոխություն կամ անվանակոչում է իրականացրել (Օրինակ https://www.yerevan.am/am/elders-decisions/740/) : Ի դեպ, այդ որոշումների մասին տեղեկատվությունը զետեղված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Տրամաբանության սահմաններում չէ, երբ մի պրոցեսը բարդ է մեկ դեպքում և շատ պարզ այլ դեպքերում: Մենք հույս ունենք, պարո՛ն քաղաքապետ, որ Ջահանգիր աղայի անվամբ փողոցի անվանակոչման պրոցեսը կապված չէ նրա ազգային պատկանելության հետ: Ձեզ դիմելով ևս մեկ անգամ՝ հույս ենք հայտնում, որ մինչ Սարդարապատի ճակատամարտի այս տարվա տոնակատարությունները Դուք կամք կդրսևորեք և բարձրացված հարցին լուծում կտաք` հատկապես այն դեպքում, որ ինքներդ խոստացել եք այն մեր համայնքին: Հակառակ դեպքում խնդրում ենք պարզաբանել, թե ինչի հետ է կապված խնդիրը և ինչու հնարավոր չէ Ձեր հրապարակային խոստման կատարումը:

Սինջար եզդիների ազգային միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031