«Առավոտին» հայտնի դարձավ, որ եկող շաբաթ մեկնարկելիք խորհրդարանական քառօրյայի օրակարգում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներառել է ՀՀ գլխավոր դատախազի` դատախազության գործունեության մասին 2014 թվականի հաշվետվությունը: Այն, ամենայն հավանականությամբ, կլսվի քառօրյայի երկրորդ օրը: Նկատենք, որ ԱԺ նախագահն է որոշում, թե երբ հաշվետվությունը դնել օրակարգում: Հիշեցնենք. հաշվետվությունը ԱԺ էր ուղարկվել դեռ ապրիլի 6-ին` սահմանված ժամկետի վերջին օրը: Գեւորգ Կոստանյանը խորհրդարանից լրացուցիչ լիազորություններ է խնդրել` համակարգելու իրավապահ մարմինների գործունեությունը, որպեսզի հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ լինի:
Գլխավոր դատախազն այս առիթով նաեւ դատախազության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան: Նշենք, որ պատգամավորներն իրավունք ունեն դատախազին հարցեր տալու, ելույթներ ունենալու, բայց դատախազի հաղորդումը չի քվեարկվելու: Գեւորգ Կոստանյանն, այդպիսով, առաջին ՀՀ գլխավոր դատախազն է, որը խորհրդարանի դատին կներկայացնի անցած տարվա իր կատարած աշխատանքները:
«Առավոտ» օրաթերթ
16.05.2015