Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. «Հայաստանում գտնվող մի քանի եկեղեցիները պետք է փոխանակվեն Վրաստանի հայ եկեղեցիների հետ»

Մայիս 17,2015 10:35

«Եկեղեցու վաճառքի մասին եղած ինֆորմացիայի մանրամասներին լավ չեմ տիրապետում, սակայն չեմ բացառում, որ դրա միջոցով որոշակի ուղերձ է ուղարկվել Հայաստանին: Վրաստանում եկեղեցու ազդեցությունը շատ մեծ է հանրության վրա և բնականաբար նաև իշխանությունների վրա,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով հայ-վրացական հարաբերությունների, վերջերս տարածված տեղեկատվության  մասին, ըստ որի՝ Վրաստանը հայկական եկեղեցիներ է վաճառում Թուրքիային, ասում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը,  հիշեցնում վրաց եկեղեցու խաղացած վճռորոշ դերը վերջին ընտրությունների ժամանակ:

«Առհասարակ հայ-վրացական հարաբերությունների վրա կարող է դրական ազդեցություն ունենալ երկու եկեղեցիների համագործակցությունը, իսկ դրանք բավականին լավ վիճակում չեն այսօր գտնվում: Հատկապես չկայացան երկու կաթողիկոսների հարաբերությունները: Բոլորս գիտենք եկեղեցիների շուրջ ծավալված բանավեճերը, ինչպես նաև՝ Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ Վրաստանի իշխանությունների և եկեղեցու մասնակցության շուրջ եղած հայկական կողմի նեղացվածությունը, որին ի պատասխան Թբիլիսին քայլը կատարեց՝ Հայաստանին մեղադրելով Օսեթիայի խորհրդարանի ղեկավարի հետ Գալուստ Սահակյանի հանդիպման համար»,- ասում է պարոն Ստեփանյանը:

Մեր դիտարկմանը՝ երկու երկրներից հատկապես ո՞րն է սրում հարաբերությունները, պարոն Ստեփանյանը պատասխանում է. « Կարևոր չէ, թե ով է ավելի մեղավոր, մենք մեր դիրքորոշումը ունենք, վրացիները՝ իրենցը, խնդիրն այն է, որ մեր եկեղեցին ունի պատասխանատվություն Վրաստանում բնակվող հայերի համար, իսկ Վրաց եկեղեցին նման պատասխանատվություն չունի, այդ առումով մեր եկեղեցին պետք է որոշակի ջանքեր գործադրի հարաբերությունների լավացման համար: Դա կարող ենք դիտարկել նաև խորհրդանշական ոլորտում, Հայաստանի սահմանադրության մեջ գրված է Հայ եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում, իսկ Վրաստանի սահմանադրության մեջ գրված է Վրաց եկեղեցու բացառիկ դերի մասին Վրաստանի կյանքում: Նրանց եկեղեցու դերը շեշտված է Վրաստանի սահմաններում, իսկ մեր եկեղեցու դերը շեշտված է ողջ ժողովրդի կյանքում` անկախ սահմանների: Այդ առումով Հայ եկեղեցին պետք է ջանքեր թափի Վրաստանում ապրող հայերի իրավիճակը բարելավելու համար: Աշխարհաքաղաքական հարցերը դեռ մի կողմ դնենք, սահմանափակվենք եկեղեցու դերակատարությամբ: Վրացահայերի կյանքում հայ եկեղեցին, ինչպես նաև՝ հայ Կաթողիկե եկեղեցու դերը հայապահպանության գործում վճռական է»:

Ստեփան Դանիելյանը կարծում է, որ երկու եկեղեցիները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ մի քանի սուր հարցերի շուրջը պայմանավորվածությունների գալու համար, և առաջարկը՝ նման բանակցություններ սկսելու համար, պետք է մեր կողմից հնչեցվի: «Ինչո՞ւ: Պատճառը պարզ է. մենք ունենք պատասխանատվություն այնտեղ ապրող հայերի համար, որոնք ընդունելով ուղղափառություն, առաջին իսկ սերնդում փոխում են նաև ազգությունը: Դա սուր հարց է, և իմ կարծիքով՝ Հայաստանում գտնվող մի քանի եկեղեցիները, որոնց նկատմամբ պահանջներ ունեն վրացիները, պետք է փոխանակվեն Վրաստանի հայ եկեղեցիների հետ: Նորից եմ կրկնում, այդ քարերը, կոնկրետ ինձ, համար ավելի նվազ կարևորություն ունեն, քան այն հայերը, որոնք ապրում են Վրաստանում, առավել ևս, որ այդ եկեղեցիներն իրոք Մցխեթին են պատկանել, անկախ նրանից, որ հայ քաղքեդոնականներն են այն կառուցել: Կարծում եմ, որ դրանով եկեղեցիների միջև հարաբերությունները կբարելավվեն: Մյուս կողմից, եթե մենք ունենք եկեղեցիներ Վրաստանում, ինչո՞ւ վրացական եկեղեցիներ չլինեն նաև Հայաստանում, դա բալանսի կբերի փոխազդեցությունները: Նաև դրական վերաբերմունքի կարժանանան Վրաստանի հայերը, և այդ լարվածությունը կմեղմվի: Ինչո՞ւ միայն հայաստանցի զբոսաշրջիկները այցելեն Վրաստան, թող վրացիներն էլ այցելեն Հայաստան այդ եկեղեցիներին ծանոթանալու համար»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031