Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանը պահեստ չէ. կենդանի օրգանիզմ է, եթե լուրջ ես մոտենում նրան». Անուշ Ամսեյան

Մայիս 17,2015 00:08

Հայաստանի 111 թանգարաններն այսօր ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր բաց են այցելուների համար:

Թանգարաններն այցելուներին են ներկայացնում իրենց յուրահատուկ ծրագրերը:

ՀՅԴ պատմության թանգարանը նույնպես միացել է Թանգարանային գիշերվան և Հայոց ցեղասպանությանն ու Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը և զարգացմանը նվիրված ցուցադրություն կազմակերպել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում Թանգարանային գիշերն այս տարի անցկացվում է «Թանգարանները՝ հիշողության վկաներ» կարգախոսի ներքո, և միջոցառման մասնակից բոլոր թանգարաններն այս կամ այն կերպ անդրադառնում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մութն ընկնելուն պես ՀՅԴ պատմության թանգարանի բակում տեսաշարով ցուցադրվեցին մոտ 500 լուսանկարներ, որոնց միջոցով ցույց էր տրվում, թե ինչպիսին էինք մենք մինչև Եղեռնը, և ինչ եղավ Եղեռնից հետո ու հետևանքով՝ տարագրություն, գաղթ, որբություն… Այնուհետև աշխարհի մարդասիրական օգնությունը ցույց տվող լուսանկարներ, ապա մեր ոտքի կանգնելը և ընդամենը երեք տարի հետո պետություն ստեղծելը:

«Հայոց ցեղասպանությանն ու Հայաստանի առաջին հանրապետության թեմաների ընտրության հիմնական նպատակն է փաստերով ցույց տալ, թե ինչպես Ցեղասպանությունից հետո շատ կարճ ժամանակում վերածնվեց հայ ժողովուրդը և անասելի դժվարին պայմաններում ստեղծեց իր պետականությունը, որը կանգուն է արդեն 97 տարի։ Մենք ապացուցեցինք, որ կանք ու միշտ կլինենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը:

Նրա խոսքով՝ Թանգարանը բավականաչափ նյութեր ունի ցուցադրելու, բայց տարածքը փոքր է՝ իրար կից երկու փոքրիկ ցուցասրահ, և հնարավոր չէ եղած բոլոր ցուցանմուշները միաժամանակ ցուցադրել:

Թանգարանի այցելուները հիմնականում դպրոցականներն են և սփյուռքահայերը. «Աշակերտները երբեմն գալիս են այստեղ, բաց դասեր են անցկացնում Առաջին հանրապետության պատմության մասին: Հավատացեք՝ այստեղ շատ բան են սովորում: Նույնիսկ ուսուցիչներն են զարմանում, որ այսքան նյութ կա, մինչդեռ դասագրքերում գրեթե ոչինչ չկա: Այստեղ երեխաները ծանոթանում են մեր նորագույն պատմության կարևորագույն էջերից մեկին»,- ընդգծեց Ա. Ամսեյանը:

Իսկ սփյուռքահայերը, մեր զրուցակցի խոսքով, շատ հաճախ դատարկաձեռն չեն այցելում Թանգարան. նրանք իրենց հետ տարբեր իրեր, քարտեզներ, լուսանկարներ են բերում՝ հարստացնելով Թանգարանի հավաքածուն: «Իսկ տեղի հայերի մեջ դեռ նախկին մտայնությունը կա: Երբեմն նույնիսկ ինձ ասում են՝ հա, դաշնակները վատը չեն, բայց թանգարանը ի՞նչ պիտի լինի որ: Բայց երբ գալիս են թանգարան, տեսնում են, որ սա ոչ միայն Դաշնակցության, այլև մեր ողջ ժողովրդի պատմությունն է»,- ասաց Ա. Ամսեյանը:

Նա իր ուրախությունն արտահայտեց, որ ամբողջ աշխարհում թանգարանների նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է. «Թանգարանը դառնում է լուսավորության, մշակույթի, ժողովրդին կրթելու ու զարգացնելու կենտրոն: Մի շրջան կար, երբ թանգարաններն անտեսված էին, բայց հիմա այդպես չէ: Առաջին հայացքից պահեստ թվացող թանգարանը բոլորովին էլ պահեստ չէ. կենդանի օրգանիզմ է, եթե լուրջ ես մոտենում նրան»,- ընդգծեց ՀՅԴ պատմության թանգարանի տնօրենը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031