Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտ են»

Մայիս 16,2015 23:34

Այսօր «Դեբատ» բանավեճի ակումբում քննարկվեց, թե անհրաժե՞շտ են սահմանադրական բարեփոխումները: ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախ ընդհանուր ներկայացրեց, թե գործընթացն այս պահին ինչ փուլում է գտնվում:

«Հայեցակարգը հավանության արժանանալուց հետո մասնագիտական հանձնաժողովն արդեն աշխատում է բուն տեքստերի վրա: Մեր կուսակցությունը ներկայացրել եւ հրապարակել է իր առաջարկությունները եւ սպասում է տեքստերին, որպեսզի կարողանա վերջնական գնահատականներ տալ: Սակայն սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին դեռեւս հասարակության մեջ, հատկապես, քաղաքական որոշ ուժերի մոտ այն մտահոգությունն է՝ արդյոք այնուամենայնիվ դրա անհրաժեշտությունը կա՞, թե՞ եղած սահմանադրությունը լավ կիրառվի, արդյունք կտա:

Չբացառելով երկրորդ տարբերակում անձանց դերակատարումը՝ այնուամենայնիվ մեր համոզմունքն է, որ չի կարելի ամեն ինչ մարդու ցանկության տիրույթում դիտարկել: Եթե համակարգը չի ստիպում, որ մարդն աշխատի, մենք անընդհատ կարող ենք ունենալ պրոբլեմ: Մենք իրականությունից չպետք է կտրվենք ու բոլորս պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր մարդ, անհատ, ունի շրջապատ, միջավայր՝ իրեն պաշտոնի բերող, իրեն նախագահ դարձնող որոշակի անձանց խումբ, որոնց շահերը չսպասարկել չի կարող, երբ հասնում է այդ պաշտոնին: Հետեւաբար, եթե այդ խմբի շահերը գերադասվում են հանրության շահերից, ստացվում է, որ ցանկացած անձ, ով այդ ձեւով գալիս է իշխանության, պետք է սպասարկի այդ փոքր խմբի շահերը: Հետեւաբար, գլխավոր խնդիրներից են դառնում այնպիսի փոփոխություններ, բարեփոխումներ իրականացնել, որպեսզի հանրային շահը դրված լինի սահմանադրության հիմքում եւ հանրային շահին համապատասխան համակարգը ձեւավորի իշխանության տարբեր օղակները:

Որպեսզի այն քաղաքական կամքը, որի մասին խոսվում է միշտ, համակարգը պարտադրի ցանկացած իշխանավորի, որը գալիս է իշխանության: Սա, այսպես ասած, խոհափիլիսոփայական մոտեցումն է խնդրին: Իսկ եթե առարկայական ենք նայում, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ոչ միայն պետական կառավարման ամբողջական համակարգում, այլեւ մարդու իրավունքների, իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման, տեղական կառավարման, քաղաքական դաշտում, ընդդիմություն-իշխանություն՝ որպես միասնական համակարգ իրար վերահսկող եւ իրար առաջ մղող քաղաքական համակարգ պետք է լինի: Դրա պարզ օրինակն է. ընդդիմությունը Անկախության առաջին օրվանից միշտ մեղադրում է իշխանությանը՝ երկիրը թալանելու, ոչնչացնելու, ապագան կործանելու մեջ, իշխանությունը միշտ հայտարարում է, թե ընդդիմությունը թուլ է, չի կարողանում ոչ մի բան անել, առանձին դեպքերում ընդդիմության առանձին գործիչներ մեղադրվում են դավաճանության մեջ, որը հաճախ որոշակիորեն գուցե իրականությանն էլ է համապատասխանում: Քանի որ չունենք ընդդիմություն-իշխանություն միասնական քաղաքական համակարգ, միշտ պրոբլեմների առաջ ենք կանգնելու:

Դրա համար ընդդիմության դերակատարությունը մեծացնելը եւ իշխանության քաղաքական համակարգում հավասարակշռություն ու հակակշռություն ապահովելը նույնպես հրամայական է դարձել»,- սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը հիմնավորեց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031