Վերջերս մի ամերիկյան ֆիլմ(«Գողացված ամառ») նայեցի այն մասին, թե ինչպես է 8-ամյա իռլանդացի երեխան՝ խիստ կաթոլիկ ավանդույթներ ունեցող ընտանիքից, որոշում, որ առաքելություն ունի մարդկանց դարձի բերելու եւ ամառային արձակուրդների ընթացքում սկսում է այդ առաքելությունն իրականացնել: Նա «կենտրոնանում է» իր նոր ընկերոջ վրա, որը հիվանդ է արյան քաղցկեղով եւ… ռաբբիի որդի է: Ֆիլմի հերոսը իր՝ մանկական ձեւերով անում է ամեն ինչ, որպեսզի հրեա երեխան մկրտվի ու մահանալուց հետո դրախտ ընկնի, եւ դա, իր կարծիքով, հաջողվում է:
Այդ ֆիլմ-առակում ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի իդեալական հասարակության մեջ (պարզ է, որ իրականում ամերիկյան հասարակությունն այդպիսին չէ): Կաթոլիկ քահանան եւ ռաբբին խրախուսում են երեխային իր առաքելության մեջ, իռլանդացի ծնողները նույնպես ի վերջո հասկանում են իրենց որդու ձգտումները: Իհարկե, կաթոլիկները մնում են կաթոլիկ, հրեաները՝ հրեա, բայց բոլոր դեպքերում իրենց դրսեւորում եմ որպես Մարդ: Ռաբբին, ի պատասխան իր համայնքի անդամների տարակուսանքի, թե երեխան գալիս սինագոգի մոտ եւ քրիստոնեություն է քարոզում, պատասխանում է. «Նա քարոզում է միտքը, նա բոլորիս ստիպում է մտածել»:
…Շաբաթվա ընթացքում գործիս բերումով ես բանավոր եւ գրավոր շփումներ եմ ունենում մի քանի տասնյակ մարդու հետ: Նրանք գրեթե բոլորը Հայաստանի քաղաքացիներ են եւ հայեր, բայց նրանց հայացքներն իրարից ավելի հեռու են, քան հրեաներինն ու կաթոլիկներինը: Իսկ առավել էականն այն է, որ նրանք, որպես կանոն, իրար մեղադրում են, դատափետում եւ մշտապես անվերապահորեն արդարացնում են իրենց ու իրենց շրջապատի բոլոր քայլերը՝ ինչպես հիմա, այնպես էլ անցյալում: Այդ մարդիկ չեն ուզում դիմացինին դարձի բերել, նրանց ցանկությունն է իրար ոչնչացնել՝ բարեբախտաբար, հիմնականում՝ բարոյապես, տնտեսապես, քաղաքականապես: Նման աշխարհընկալման դեպքում դժվար է ստանձնել որեւէ առաքելություն: Առավել եւս՝ Մարդ լինելու առաքելությունը:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան