Այսօր՝ մայիսի 16-ին, Վրաստանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացած հերթական աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Ադրբեջանի սահմանամերձ Ղազախի եւ Թովուզի շրջանների, Հայաստանի սահմանամերձ Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջանների բնակիչներ, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Հանդիպման թեման հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով սահմանագոտու բնակիչների կրած զրկանքներն ու կորուստներն էին, սահմանագոտու բնակիչների իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդիրը: Խաղաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանն ասաց, որ ժամանակն է ընդունել յուրատեսակ մի պայմանագիր, որը կամփոփի Թեքալիի գործընթացի նպատակները: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Արզու Աբդուլաեւան անդրադարձավ հակամարտության գոտում իրավապաշտպան գործունեություն իրականացնելու հնարավորություններին եւ խոչընդոտներին:
Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցներն ընդունեցին Թեքալիի գործընթացի շրջանակներում աշխատանքային խումբ ստեղծելու որոշում: Ըստ այդ փաստաթղթի՝ Թեքալիի աշխատանքային խումբը սահմանամերձ բնակավայրերում կնախաձեռնի մշտական իրավապաշտպան(այդ թվում՝ միջազգային) ներկայություն, որպեսզի իրավական աջակցություն ցուցաբերվի սահմանագոտու բնակիչներին , նրանց անվտանգության խնդիրները կբարձրացվեն տեղական եւ միջազգային մակարդակով: Աշխատանքային խումբը կքննարկի քաղաքական հարցեր , որոնք առնչվում են ղարաբաղյան հարցի լուծմանը: Թեքալիի աշխատանքային խումբը բաց է եւ կարող է համալրվել բոլոր այն քաղաքացիներով, ովքեր պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ վերոհիշյալ գործունեության մեջ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ