Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Թադեւոսյան. Նաիրիտցիները ՀՀ քաղաքացիներ են, հետեւաբար, կառավարությունը պարտավոր է պաշտպանել նրանց ոտնահարված իրավունքները

Մայիս 16,2015 17:50

Համաշխարհային բանկը նպատակահարմար չի գտնում «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը:

Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հրաչ Թադեւոսյանը, որ ներկայացնում է նաիրիտցիների արհմիությունը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Բոլորդ էլ տեղյակ եք, որ նոյեմբեր ամսից սկսած գործարանում արհմիության գլխավորությամբ երթեր ու ցույցեր են կազմակերպվում: Պատճառն այն է, որ նախարարը խոստացել էր մինչեւ 2014 թվականի վերջը աշխատավարձերի մարում կկատարվի, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց ու մինչեւ օրս երթերի ու ցույցերի մեջ ենք: Վերջին երկու օրը նախազգուշական նստացույց կազմակերպվեց կառավարության շենքի առջեւ: Մեր առաջնահերթ պահանջը գործարանի վերագործարկման հարցն է եւ աշխատավարձերի պարտքերի մարումը: Մենք կառավարությունից շատ բան չենք պահանջում՝ պարտքերի մարման ժամանակացույց: Հասկանում ենք, որ գումարը շատ մեծ է, դրան գումարած, որ ամեն բան կախված չէ միայն Հայաստանի կառավարությունից: Դրա համար պահանջում ենք մի ժամանակացույց, որպեսզի նաիրիտցիները վստահ լինեն, մի փաստաթուղթ ունենան ձեռքներին, որ մի որոշ ժամանակի ընթացքում իրենց աշխատանքի, քրտինքի գումարը կստանան: Վերջին չորս ամսում վարչապետը մեզ չորս անգամ ընդունել է: Եվ այն սկզբնական կարծիքը, թե «Նաիրիտը» մասնավոր ձեռնարկություն է եւ կառավարությունը գործ չունի, հիմա այդպես չի: Կառավարությունն էլ մտահոգված է, որպեսզի մեր հարցերին լուծումներ տա: Ի վերջո, բաժնետոմսերի 10 %-ը կառավարության ձեռքում է եղել ի դեմս էներգետիկայի նախարարության: Սրան ավելացնենք, որ 2200-2300 նաիրիտցիները Հայաստանի քաղաքացիներ են եւ կառավարությունը պարտավոր է պաշտպանել իր երկրի քաղաքացիների ոտնահարված իրավունքները:

Վերջին երեք տարում տարբեր աուդիտներ եղան: Առաջին երկուսում տրված է եզրակացություն, որ «Նաիրիտը» կարող է շահույթով աշխատել, իսկ վերջինը՝ Համաշխարհային բանկինը, չգիտես ինչու նպատակահարմար չի գտնում «Նաիրիտի» վերագործարկելը: Ճիշտ է, այդ փաստաթուղթը դեռ պաշտոնապես կոլեկտիվին չեն ներկայացրել, բայց այդ մասին խոսակցություններ արդեն կան: Այսինքն, «Նաիրիտը» շահույթ չի՞ կարող բերել, արտադրանքը չի՞ կարող սպառել: Հավաստիացնում եմ, որ «Նաիրիտը» նման խնդիր երբեք չի ունեցել: Աուդիտի հետ կապված ավելացնեմ նաեւ, որ այն մարդիկ, ովքեր վերջին անգամ եկել եւ աուդիտ են անցկացրել, նախորդ երկուսում ել են եղել ու հիմա անհասկանալի կերպով կարծիքը փոխում են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031