Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջնահերթության խնդիր կա». Հասմիկ Պողոսյան

Մայիս 16,2015 17:39

Բազմիցս խոսվել է ինչպես Համազգային և Մնջախաղի պետական թատրոնների շենքերի կառուցման, այնպես էլ Խորեն Պալյանի և Լուսինե Զաքարյանի բնակարանի խնդրի լուծման մասին:

Լրագրողների խնդրանքով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր անդրադարձավ այդ խնդիրներին:

«Համազգային և Մնջախաղի պետական թատրոնների շենքերի կառուցումը օրակարգային հարցեր են: Բայց երևի դուք էլ, եթե համեմատության մեջ դնեիք, առաջնային կհամարեիք Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կառուցումը: Պետք է, չէ՞, որ նախ Կոմիտասի թանգարան ունենայինք: Իհարկե, շատ լավ է, երբ թատրոնն իր առանձին հարթակն է ունենում և առավել լիարժեք է գործում, բայց առաջնահերթության խնդիր կա»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Խորեն Պալյանի և Լուսինե Զաքարյանի բնակարանի խնդրի լուծմանը, Հ. Պողոսյանն ասաց, որ նախարարությունն այդ թեմայով պարբերաբար շփվում է բարեկամների հետ:

Հիշեցնենք, որ մտավորականների բնակարանն անմխիթար վիճակում է գտնվում: Շատերը պահանջում են ՀՀ մշակույթի նախարարությունից զբաղվել Խորեն Պալյանի և Լուսինե Զաքարյանի բնակարանի հարցով, մանավանդ որ երգչուհին ինքն էլ էր երազում այն տուն-թանգարանի վերածելու մասին: Սակայն Մշակույթի նախարարությունից բազմիցս պատասխանել են, որ քանի դեռ բնակարանը սեփականատերեր ունի, նախարարությունը ոչինչ չի կարող անել առանց նրանց համաձայնության: Կարելի է միայն սպասել նրանց «բարի կամքի» դրսևորմանը:

Իսկ «բարի կամք դրսևորողները» պիտի լինեն Խ. Պալյանի եղբայրը՝ Արտաշես Պալյանը, նրա որդին՝ Րաֆֆի Պալյանը, քրոջ որդին՝ Ռուբեն Ռուբինյանը և մյուս եղբոր՝ Երկաթ Պալյանի երեխաները՝ Արություն և Ալեն Պալյանները, որոնք էլ մտավորականների մահից հետո դարձել են բնակարանի սեփականատերերը, քանի որ Խորեն Պալյանը և Լուսինե Զաքարյանը զավակներ չեն ունեցել:

«Մոտ երկու ամիս առաջ ենք զրուցել բարեկամներից մեկի հետ: Նա ասաց, որ փորձում են լուծել ներընտանեկան խնդիրները, և խոստացավ, որ մինչև սեպտեմբեր հանդես կգան որոշակի առաջարկությամբ: Այնպես որ, խնդրի լուծումն այսօր բացառապես կախված է մտավորականների բարեկամներից: Երբ նրանք՝ բնակարանի սեփականատերերը, իրենց ներքին հարցերը լուծեն, խնդիրը կփոխանցեն պետությանը: Կարևորն այն է, որ երկխոսությունը կա»,- ասաց Հ. Պողոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031