«Ցանկացած նոր ձեւավորվող հասարակական կամ քաղաքական ուժ բոլոր տեսանկյուններից դրական երեւույթ է»,- մայիսի 16-ին «Ալյանս» առաջադիմական ցենտրիսական կուսակցության առաջին համագումարից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի առաջարկին՝ կրկին համախմբել ոչ իշխանական ուժերին՝ ասաց, որ լավ նախաձեռնություն է, եւ նա ցանկանում է, որ կուսակցությունը մինչեւ վերջ շարունակի այդ գործը՝ օգտագործելով նաեւ խորհրդարանական ամբիոնը:
Aravot.am-ի հարցին, թե արդյոք «Ալյանսը» կարո՞ղ է համախմբել ոչ իշխանական ուժերին, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Կարծում եմ` կհաջողվի: Բոլոր դեպքերում՝ երկրում ունենք բավականին ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, որը ուզենք, թե չուզենք, վաղը հրապարակ է բերելու բազմաթիվ քաղաքացիների: Այդ խնդիրներին ուղղված ցանկացած նախաձեռնություն ստեղծում է այն պայմանները, որ հնարավոր է այդ ամենը կազմակերպել: Ողջունելի է, եւ կարծում եմ՝ պարոն Ուրիխանյանը բավականին երիտասարդ եւ ակտիվ քաղաքական գործիչ է եւ արդեն իսկ ունի բավականին լուրջ փորձառություն, այդ խնդիրները կարող է լուծել»:
Գառնիկ Իսագուլյանը համարում է, որ Տիգրան Ուրիխանյանի մատնանշած ուղղությունն իր մեջ ներառում է այն բոլոր խնդիրները, որոնք Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էր իր առջեւ դրել. «Բայց կա մեկ տարբերություն, հիմա չկա Գառնիկ Ծառուկյանը, եւ եթե կարողանան լավ թիմ ստեղծել, ապա իշխանությունների առումով դժվար կլինի թիրախ ընտրել, որի միջոցով հետո կարող են կազմալուծել կուսակցությունը՝ ցավոք սրտի, այն ինչ տեղի ունեցավ նախկին Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ