Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականից մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր: Հետագայում այդ տոնին ավելացավ ևս մեկը՝ Թանգարանային գիշերը, որն ամեն տարի նշվում է Թանգարանների միջազգային օրվան նախորդող շաբաթ օրը:
Վերջին տարիներին Հայաստանում մեծ իրարանցում առաջացնող Թանգարանային գիշերվան այս տարի մասնակցում են Հայաստանի 111 թանգարաններ, որոնք այսօր ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր բաց կլինեն այցելուների համար և կներկայացնեն իրենց յուրահատուկ ծրագրերը:
Նշենք, որ Հայաստանում Թանգարանային գիշերն այս տարի անցկացվում է «Թանգարանները՝ հիշողության վկաներ» կարգախոսի ներքո, և միջոցառման մասնակից բոլոր թանգարաններն այս կամ այն կերպ կանդրադառնան Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Այս տարի Թանգարանային գիշերվան մասնակցող թանգարանների թիվն ավելացել է 10-ով: Բոլոր թանգարաններն աշխատել են հնարավորինս լավ պատրաստվել և այս օրերին առավել բազմաբովանդակ միջոցառումներով ներկայանալ հանրությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը՝ հավելելով, որ բացի բուն ՀՀ և Արցախի տարածքից, մի շարք միջոցառումներ կանցկացվեն նաև տարբեր երկրների ՀՀ դեսպանատներում և մշակութային օջախներում:
Կարդացեք նաև
«Հատուկ «Թանգարանների գիշեր» ծրագրի համար բոլոր այցելուները կարող են գրանցվել և միանալ Firechat-ին: Դա հատուկ հավելված է, որը կարելի է անվճար ներբեռնել iOS և Android համակարգերից: Այն միավորում է Թանգարանային գիշերվա բոլոր այցելուներին՝ հնարավորություն ստեղծելով կիսվել օրվա իրադարձություններով և աշխատել առանց ինտերնետ կապի: Մասնակիցներից պահանջվում է միայն գրանցվել Firechat-ում և մուտք գործել հատուկ այս միջոցառման համար ստեղծված #ԹանգարաններիԳիշեր հաղորդակցման դաշտ: Սա այս տարվա նորույթն է»,- ասաց Ա. Սամուելյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ