«Ֆիլմարտադրության մեջ միայն Ցեղասպանությանն առնչվող թեմաները չէ, որ ֆինանսավորվում են պետության կողմից: Այժմ խաղարկային և վավերագրական մի շարք ֆիլմեր են նկարահանվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Շատ հետաքրքրական մի նախաձեռնություն է հայ-հրեական ծագմամբ ռուս գրող, լրագրող, հրապարակախոս Սերգեյ Դովլաթովի մասին ֆիլմի նկարահանումը: Մի մարդ, ում վաղուց էր պետք անդրադառնալ: Ինձ համար շատ հետաքրքրական է, թե այդ ֆիլմն ինչպես կստացվի, և թե ինչքանով կկարողանանք ուշադրության կենտրոն բերել այն անհատներին, որոնց դեռ ժամանակ չենք ունեցել անդրադառնալու»,- նշեց Հ. Պողոսյանը:
Նախարարը նախընտրեց չխոսել ֆիլմի ստեղծման ժամկետների մասին՝ բացատրելով, որ ֆիլմարտադրության մեջ ժամկետներ նշելիս սխալվելու հավանականությունը միշտ մեծ է: Միայն ասաց, որ այն ներգրավված է այս տարվա ծրագրերում: «Նկարահանումները կատարվում են Սանկտ Պետերբուրգում և Նյու Յորքում: Ֆիլմի վրա այժմ աշխատում են հայկական և ռուսական ստեղծագործական թիմեր: Խաղարկային տարրերով հագեցած վավերագրական ֆիլմ է լինելու: Սպասենք և տեսնենք, թե ինչ արդյունք կունենանք: Համենայնդեպս, այն սցենարը, որին ծանոթացել ենք, բավականին տպավորիչ է: Հուսանք, որ արդյունքն էլ ավելի ազդեցիկ կլինի»,- ասաց Հ. Պողոսյանը:
Շարունակելով ֆիլմարտադրության թեման՝ նախարարն ընդգծեց, որ օրենսդրական դաշտը մշտապես Մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում է. կրկին քննարկվել է և կառավարություն կներկայացվի «Կինոյի մասին» օրենքի նախագիծը. «Կարծում եմ՝ սա շատ կարևոր է: «Կինոյի մասին» օրենքը մշակվում է ՀՀ նախագահի հանձնարարությամբ հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում կինոարտադրության ոլորտում վերջին տարիներին: Գաղտնիք չէ, որ հայկական կինոն ակտիվ ներգրավված է համապրոդյուսերական գործընթացներում, և այսօր մեծ քանակությամբ ֆիլմեր են նկարահանվում: Բնականաբար, անհրաժեշտ են պետական խթանման միջոցներ, և հուսով ենք, որ «Կինոյի մասին» օրենքը կկարգավորի այդ դաշտը»,- ասաց Հ. Պողոսյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ