Հրազդան տոնավաճառի նախկին առեւտրականները, որոնք տեղի վարձավճարների բարձրացման պատճառով լքել էին տոնավաճառի իրենց առեւտրի կետերը եւ այժմ առեւտրով են զբաղվում Առինջում նոր կառուցված տոնավաճառում, հաճախորդներին, հայտարարում են, թե «Հրազդան» տոնավաճառը փակ է, այլեւս չի գործում եւ որ այն տեղափոխվել է Առինջ: Այսօր այս մասին ասաց «Հրազդան» տոնավաճառի առեւտրական Գագիկ Դանիելյանը, որը նաեւ «Հայաստանի տոնավաճառներ» հասարակական կազմակերպության ղեկավարն է:
«Այսօր մարդիկ հացի խնդիր ունեն, ինչո՞ւ են ապատեղեկատվություն տարածում, գնացել են՝ լավ են արել, մենք նրանց հետեւից ոչ բամբասում ենք, ոչ ասում՝ խի՞ են գնացել, բայց թող ապատեղեկատվություն չտարածեն, թե «Հրազդան» տոնավաճառը չի աշխատում: Առանց այն էլ տոնավաճառներն առաջվանը չեն, առեւտուր չկա»,-ասաց Գագիկ Դանիելյանը:
Նրա խոսքերով, «Հրազդան» տոնավաճառի ղեկավարությունն, ի դեմս ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, տեղի վարձավճարները վերանայել է՝ 70 հազար դրամ իջեցնելով, քանի որ համոզվել է, որ առեւտրականների գործերը այնքան էլ լավ չեն:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականները առևտրային տաղավարները սկսեցին լքել, այն բանից հետո, երբ Աշոտ Աղաբաբյանը բարձրացրեց տեղի վարձավճարները, իսկ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպելով նրանց հետ՝ խոստացավ «Հրազդանի» առեւտրականներին անվճար տարածք հատկացնել:
«Երկու գործարարները թող միմյանց միջեւ հարցերը լուծեն, մրցակցության արդյունքում սովորական գործարարներն են տուժում»,-ասում էին տոնավաճառի աշխատակիցները:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, դիմելով Գագիկ Ծառուկյանին եւ Աշոտ Աղաբաբյանին՝ ասաց. «Մրցակցությունից ժողովուրդն է տուժում: Ես ուզում եմ դիմել, որ զգուշացնեն իրենց տնօրինությանը, ադմինիստրացիային, որ բացի պայքարը՝ կան մարդկային օրենքներ: Միգուցե այնպես զարգացնեն իրենց տոնավաճառները, որպեսզի այս մարդիկ հացից չզրկվեն….Թող միջամտեն այդ հզոր անձնավորությունները, որպեսզի այս մարդիկ պայքարի մեջ չմտնեն »:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ