«Կարծում եմ «Ալյանս» կուսակցության առաջադրած մոտեցումները պահանջված են մեր երկրում»,- մայիսի 16-ին «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա հույս հայտնեց, որ համադրվելով այլ կուսակցությունների ծրագրանպատակային մոտեցումների հետ կուսակցությունը երկրում մի այնպիսի իրավիճակ կստեղծի, որ կուսակցություններն իրար հետ կմրցակցեն ծրագրերով, ոչ թե գրպանի պարունակությամբ. «Այդ տեսակետից ողջունում ենք նոր ստեղծված քաղաքական միավորի ծնունդը: Տա՛ աստված, որ կուսակցությունն, իսկապես, դառնա Հայաստանի քաղաքական համակարգը զարգացնելուն միտված նախաձեռնություն»:
Հարցին, թե Դաշնակցությունը պատրա՞ստ է համագործակցել «Ալյանս» կուսակցության հետ, նա ասաց, որ կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլորի նրանց հետ, ում ծրագրերը կհամընկնեն Դաշնակցության ծրագրերին. «Այն կանոնադրական կամ ծրագրային նորմերը, որ ես կարդացի, նրանց մեջ բավականին դրույթներ կային, որ համընկնում էին մեր ծրագրային մոտեցումներին, բացառապես՝ ազատական մոտեցումներին մի քիչ ավելի շատ տեղ տալը: Մնում է՝ մնացածը թղթի վրայից վերածվի նաեւ գործողությունների, մենք պատրաստ ենք եւ քաջալերում ենք նման նախաձեռնությունները, որպեսզի ի վերջո երկրում ձեւավորվենք համերաշխության, հանդուրժողականության, դեպի ապագան միտված ծրագրեր»:
Մեկ այլ հարցի, թե «Այանս» կուսակցութան ստեղծում կարելի՞ է համարել քաղաքական սերնդափոխություն, Արծվիկ Մինասյանն ասաց. «Դժվար է ասել, դա կախված է նրանից, թե ծրագրերը ինչ մակարդակով կարող են իրականացնել: Եթե իրականացման շրջափուլում այս կուսակցությունը չառաջնորդվի ներխմբային շահերով, այլ դիտարկի համընդհանուր համահայկական ռեսուրսների համախմբումը եւ առաջ մղի, ես կարծում եմ՝ կարող է հավակնել դառնալ սերնդափոխության կարեւոր քաղաքական միավորներից մեկը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ