«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը մայիսի 16-ին գումարեց առաջին համագումարը:
Համագումարին ներկա էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ անդամ Վահան Բաբայանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Համագումարին մասնակցելու համար 1157 պատվիրակներից գրանցվել է 1017-ը:
Կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ելույթում նշեց, որ օդում առկախված բազմաթիվ հարցեր կան, որոնց կուսակցությունը փորձելու է պատասխաներ տալ:
Կարդացեք նաև
«Իրականում, գրանցված եւ թղթի վրա գոյություն ունեցող մի քանի տասնյակ կուսակցությունների հանդիսացող իրավական անձանց շրջանակներից, ընդամենը մի քանիսն են խորհրդարանում գործում, եւս մի քանիսն էլ արտախորհրդարանական դաշտում գործունեություն են ծավալում: Խորհրդարանական հարթակում այսօր գործող կուսակցությունների մեծամասնությունը ի հեճուկս խորհրդարանում ներկայացված պատգամավորների մեծամասնության ներկայացնում են բացարձակապես ընդդիմադիր կուսակցությունները: Բացի Հանրապետականից մնացած խորհրդարանական ուժերը ներկայացնում են ընդդիմությունը»:
Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ ակնառու է անարդյունավետ կառավարումը, եւ այդ կառավարումը կատարողները պետք է իրենց տեղը զիջեն առավել արդյունավետ կառավարողներին. «Ստի եւ կեղծիքի շարունակությունը բերում է սարսափելի երեւույթի, ես ի նկատի ունեմ մեր իշխանություններին, ոչ թե նրանց ոչ ոք չի հավատում, արդեն նրանք չեն կարողանում ոչ ոքի հավատալ»:
Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. «Ես այդ կուսակցության գաղափարների ջահակիրն եմ եղել եւ լինելու եմ մինչեւ վերջ: Քաղաքական իրավիճակն այնպիսինն էր, պարզ վերլուծությունը բերում է նրան, որ նոր քաղաքական ուժի ստեղծումը օրվա հրամայականն է: Ես տեսնում եմ ընդդիմադիր քաղաքական համակարգը համալրելու անհրաժեշտություն: Չգիտեմ ինչ կլինի, բայց մեր դռները բացվել են պարկեշտությամբ, գիտելիքներով եւ հմտություններով օժտված մարդկանց, որոնք որոշումներ կայացնելու հնարավորություններ են ունենալու»:
Համագումարի ընթացքում անցկացվեցին «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահի ընտրությունները: Կուսակցության նախագահ ընտրվեց Տիգրան Ուրիխանյանը, ներկաներից միայն երկուսն էին դեմ նրա նախագահ դառնալուն, իսկ ութը՝ ձեռնպահ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ