Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում խնդիրը քննարկում են Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ):
Արամ Աբրահամյան.- Մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալու է ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որին հավանաբար բարձրագույն մակարդակով մասնակցելու է նաեւ Հայաստանը: Բայց եթե առայժմ մի կողմ դնենք մեր երկիրը, ի՞նչ է նախատեսված մնացած 5 պետությունների համար:
Բորիս Նավասարդյան.- Նախատեսված է տարբերակված մոտեցում բոլոր երկրների համար, եւ դա երեւի Ռիգայի գագաթնաժողովի ամենամեծ տարբերությունն է նախորդներից: Մինչ այդ Եվրամիությունը ակնհայտորեն ձգտում էր նույնական դաշտում տեսնել բոլոր վեց գործընկեր երկրներին, բոլորին հավասար հնարավորություններ տրամադրել՝ զարգանալու եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար: Սակայն հասկացան, որ դա անհնարին բան է, եւ հիմա տարբերակված մոտեցում է, այնպես որ՝ ամեն մեկը ակնկալում է այն, ինչ իր համար է կարեւոր: Ասենք՝ Ուկրաինայի եւ Վրաստանի համար վիզայի ազատականացման խնդիրն է: Ուկրաինան, բնականաբար, նաեւ անվտանգության եւ տնտեսական ոլորտում մեծ աջակցություն է սպասում: Բելառուսը ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն, բայց վիզաների ազատականացման ճանապարհով գնա եւ ունենա Եվրամիությունը՝ որպես հակակշիռ ԵՏՄ-ում իր մասնակցության: Ադրբեջանը ուզում է, որ իրեն դիտարկեն որպես շատ կարեւոր էներգետիկ գործընկեր: Մոլդովան` Եվրամիությանը անդամակցելու հեռանկար, որովհետեւ Մոլդովայում բավականին սուր հակասություններ կան հասարակության այն մասի միջեւ, որ ձգտում է դեպի Եվրոպա, եւ այն մասի հետ, որը համարում է, որ Ռուսաստանն ավելի հետաքրքիր գործընկեր է երկրի համար: Որքան էլ Մոլդովան բոլորից առաջ է գնացել, ամեն դեպքում այդ տրամադրությունները կան:
Ա. Ա.- Տարբերակված մոտեցում` լա՞վ է դա, թե՞ վատ է:
Կարդացեք նաև
Սամվել Ֆարմանյան.- Կարծում եմ` ամեն պարագայում դա ոչ միայն լավ է, այլեւ իսկապես աշխատող գործիք է՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված: Տարբերակված մոտեցման անհրաժեշտությունն իր հիմքում ունի նաեւ Արեւելյան գործընկերության նախորդ տարիների պատմությունը եւ առանձին գործընկեր երկրների առանձնահատկությունները: Հայաստանի պարագայում, իհարկե, դա շատ ցանկալի է, որովհետեւ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, ըստ էության, այսօր առանձնահատուկ հարաբերությունների անհրաժեշտություն ունի, եւ բարեբախտություն է, որ նաեւ պաշտոնական Բրյուսելում այդ գիտակցությունը կա: Որոշ ժամանակ առաջ նման կանխատեսումներ էին հնչում, թե փակվում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների դուռը: Հիմա այս ընկալումը կա, որ իսկապես պետք է ամեն երկրի, նաեւ Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ մշակել: Հիմա ամբողջ հարցն այն է, թե այդ հարաբերությունների նոր իրավական հենքը ինչպիսի տեսք կունենա, ինչ խորությամբ համագործակցություն կենթադրի: Ես կարծում եմ, որ, ի նկատի ունենալով երկկողմ քաղաքական հայտարարությունները՝ ե՛ւ մեր կողմից, ե՛ւ պաշտոնական Բրյուսելի, դա կներառի բոլոր հնարավոր այն ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Դա կունենա առավելագույն ծավալ, իհարկե, մենք միշտ սիրում ենք կրկնել հասկանալիորեն՝ բոլոր այն ուղղությունները, որոնք չեն հակասի ԵՏՄ-ին: Իմ սպասելիքները դրական են Ռիգայի գագաթնաժողովից՝ քաղաքական հանձնառության հաստատման արձանագրման տեսանկյունից, որին արդեն կարող են հաջորդել բուն տեխնիկական բանակցային գործընթացները, բանակցային մանդատի տրամադրումը:
Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթ
15.05.2015 թ