Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվում վաղուց գիտեն, որ Թուրքիան հարց լուծող երկիր չէ»

Մայիս 16,2015 15:00

ԼՂՀ ԱԺ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ Ռիգայում Ալիեւ-Սարգսյան հնարավոր հանդիպման, ԼՂՀ ընտրություններին միջազգային հանրության արձագանքի ու հետագա քայլերի, սահմանային միջադեպերի մասին:

– Թեեւ պաշտոնապես դեռ չի հաստատվել Ռիգայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, բայց բավական հեղինակավոր լրատվամիջոցներ, անանուն հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագետներին, տեղեկատվություն տարածեցին, որ Ռիգայում կայանալու է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: Եթե, այնուհանդերձ, հանդիպումը կայանա, ինչ-որ սպասելիքներ արժե՞ ունենալ այդ հանդիպումից: Այն կարո՞ղ է դառնալ ԼՂՀ հարցով բանակցությունների վերականգնման սկիզբ, թե՞ նախագահների հերթական անպտուղ հանդիպումը կլինի:

– Մոսկվա ուղեւորվելու նախօրեին Ալիեւը ռուսաստանյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ «նախագահների միջեւ որեւէ շփում չկա»: Կարծում եմ, որ Ռիգայում Սարգսյան-Ալիեւ հանդիպում չի ծրագրվում: Եվրամիությունը կարգավորման գործընթացին ուղղակիորեն ներգրավված չէ: ՄԽ ամերիկացի համանախագահն էլ ակնարկել է, որ իրենք աշխատում են «տարվա ընթացքում» բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Նրանք մտադիր են մայիսի վերջին-հունիսի սկզբին այցելել տարածաշրջան` «բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտ ձեւավորելու համար»: Ինձ չի թվում, թե Ռիգայում անակնկալ կլինի: Սա անձնական տպավորություն է:

– Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումների շրջանակներում Թուրքիան բավական շատ եւ բավական հուժկու հարվածներ ստացավ միջազգային հանրությունից: Այդ հանգամանքը կարո՞ղ է դառնալ Ադրբեջանի մերժողական քաղաքականության վերանայման եւ խնդիրը բանակցային փուլ տեղափոխելու պատճառ, քանզի Ադրբեջանում, կարծում եմ, հասկացան, որ մեծ եղբայր Թուրքիան այլեւս չի կարող իրենց հավակնությունների միանձնյա երաշխավորը լինել:

– Ադրբեջանի մոտեցումը մերժողական չէ, վերջնագրային է: Դա թուլության դրսեւորում է եւ, թվում է, կապ չունի Թուրքիայի հետ: Բաքվում վաղուց գիտեն, որ Թուրքիան, այսպես` տնավարի ասած, հարց լուծող երկիր չէ: Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանը շատ վտանգավոր կեցվածք ունի. այնտեղ սպասում են ինչ-որ «ֆորս մաժորի», երբ հնարավոր կլինի «մեծ խառնաշփոթության պահին» Արցախի դեմ ուժ կիրառել եւ հասնել հաջողության: Կամ էլ միջազգային «խաղացողներն» այնպես կպայմանավորվեն, որ խորհրդային ժամանակների «ստատուս-քվոն կվերականգնվի»: Ալիեւը սեփական հանրությանը ներշնչում է, որ «ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին»: Թուրքիայի դերակատարության մասին ենթադրություններն ինձ չափազանցված են թվում: Թուրքիան հազիվ իր «բեռն է քաշում»:

– ԼՂՀ-ում կայացած ընտրություններին ԱՄՆ պետդեպի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցման էական փոփոխությունն ինչո՞վ եք բացատրում, դա ի՞նչ ազդեցություն կունենա: Եթե մինչ այժմ այդ կառույցները չէին ճանաչում ԼՂՀ-ում կայացած ընտրությունները, ապա այժմ հայտարարում են, որ միաժամանակ Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր ճակատագիրը որոշելու:

– ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն իրական մրցակցային էին, ազատ, արդար եւ թափանցիկ: Միջազգային հանրությունը չէր կարող աչք փակել իրոք եվրոպական չափանիշներին չզիջող ընտրությունների առջեւ: Դրական տեսակետի համար հարկ է արժանին մատուցել նախ Արցախի ժողովրդին, նրա ընտրյալ իշխանություններին, մրցակից բոլոր քաղաքական ուժերին, ապա նոր հեղինակներին՝ լինի ԱՄՆ պետդեպը, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի հանձնակատարի գրասենյակը, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը: Նրանք պետք է անեն հաջորդ քայլը, որովհետեւ եթե ճանաչում են ընտրության իրավունքը, իսկ նրանք դա ասում են, ապա պետք է լեգիտիմ համարեն արդյունքները եւ իշխանության` ընտրությունների միջոցով ձեւավորված մարմինները: Դա մանավանդ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պարտավորությունն է, որովհետեւ Մինսկի խմբի ձեւավորման մասին փաստաթղթում ԼՂ ընտրյալ ներկայացուցիչները ճանաչված են բանակցությունների իրավահավասար սուբյեկտ:

– Վերջին շրջանում սահմանային միջադեպերի նվազումը միայն Ադրբեջանում կայանալիք Եվրոպական խաղերո՞վ են պայմանավորված, թե՞ այլ պատճառներ էլ կան:

– Ըստ երեւույթին, տարեսկզբից Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել: Ալիեւը հատուկ հրամանագիր է ստորագրել «ճակատային գոտում տեղեկատվության տարածումը կանոնակարգելու» մասին: Փաստացի Արցախին հարող ադրբեջանական շրջաններում մտցված է ռազմական գրաքննություն, գործում է անցագրային ռեժիմ: Վերջերս ադրբեջանական զինված ուժերում հրամկազմի հերթական «ռոտացիա» եղավ: Պաշտոնազրկվել է Բարդայի կորպուսի հրամանատարը: Շփման գծում լարվածության հարաբերական թուլացումը հայ զինվորի, հրամանատարության ձեռքբերումն է: Հակառակորդին պարտադրվել է հաշվի նստել իրողությունների հետ: Ես չեմ կիսում տեսակետը, թե Եվրոպական խաղերին ընդառաջ Ադրբեջանը չի գնում սրացումների: Այդ «Եվրոպական խաղերն» էլ մեծ կարեւորություն չունեն, աշխարհը դրանցով «հետաքրքրված է» այնքանով, որքանով Ադրբեջանը կարողանում է հետաքրքրություն առաջացնել: Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը գնում է լարվածության: Աշնանը սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Դա վարչախմբի համար լուրջ փորձություն է: Ադրբեջանում երկու պետական հեղաշրջում տեղի է ունեցել ռազմաճակատում անհաջողությունների պատճառով: Ալիեւը գիտի, թե ինչ հետեւանքներ կունենա իր ձախողումը:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. Երեկ՝ ավելի ուշ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Ռիգայում Ալիեւ-Սարգսյան հանդիպում նախատեսված չէ:

«Առավոտ» օրաթերթ

15.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031