«Անհատը գիտակցված պետք է գնա ընտանիք կազմելուն, այլ ոչ թե պարտավորված, որ ժամանակն է, տարիքն է: Նա պետք է նաեւ գիտակցի, որ այն ամենը, ինչը նա ստեղծում է՝ մշակույթը, խոսքը, կեցվածքը, ամենը դրսեւորվելու է իր նորաստեղծ ընտանիքում եւ իր դրական ու բացասական հետքերն է թողնելու ընտանիքի ամրության վրա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Աննա Բադալյանը:
Ընտանիքի միջազգային օրվա առիթով, որն աշխարհը նշում է 1993 թվականից, հոգեբանը մի քանի խորհուրդ է տալիս. «Ընտանիքը միահամուռ ուրախ դինամիկա է, որտեղ կան հուզական վերելքներ ու վայրէջքներ, եթե այդ ամենը գիտակցեն եւ կարողանան հաղթահարել եւ ամենակարեւորը՝ լինեն հանդուրժող, ապա որեւէ խնդիր չի առաջանա»: Ըստ նրա՝ այսօր հանդուրժողականությունը շատերը շփոթում են զիջելու հետ, իսկ հանդուրժել, ըստ հոգեբանի՝ նշանակում է լսել, հասկանալ, գալ միասնական մտքի, համաձայնության, ինչ-որ բաներ էլ զիջել, ինչ-որ բաներ՝ առաջարկել. «Այս ամենը գործընթաց է, որի հիմքի վրա պետք է ապրի ընտանիքը»:
Հոգեբանի մեկնաբանմամբ՝ ցանկացած ընտանիք, կապ չունի՝ հայկական է, թե եվրոպական, ունի ճգնաժամեր, որին անհատը պետք է պատրաստ եւ իրազեկված լինի: Աննա Բադալյանը համարում է, որ հայկական էթնիկ տարրը ընտանեկան ճգնաժամերից մի քանիսին նեցուկ է ամուսնության առաջին ամսին, երեխայի ծննդին, իսկ միջին ճգնաժամը ամենալուրջ ճգնաժամն է, որը առաջ է գալիս 35-45 տարեկանում, այդտեղ է, որ շատ հաճախ լինում են բաժանություններ: Հոգեբանը այդ բաժանությունների հիմնական՝ 60% «մեղքը» վերագրում է կանանց. «Որովհետեւ ընտանիքը կորիզ է, որի արտաքին ապահովվածությունը, բարեկեցությունը ապահովողը տղամարդն է, իսկ ներսի բույրը, գույնը, ամրությունը ապահովողը կինն է, իսկ եթե կորում են գույները եւ բույրը, ապա այդ ամենը դառնում են շատ խոցելի»: Հոգեբանը կանանց խորհուրդ է տալիս երբեք չկորցնել իրենց կանացիությունը եւ օրինակ է բերում այն դեպքերը, երբ կանայք այնքան են տարվում իրենց գործերով ու խնդիրներով, որ մոռանում են, որ կին են, եւ ամուսնուն էլ վերաբերվում են որպես երեխայի:
«Շատ ժամանակ այդ կնոջը որ հարցնում ես, թե քանի՞ երեխա ունես, ասում է` 3, երեխաների հետ հաշվելով նաեւ ամուսնուն: Ստոպ, ամուսինը երեխա լինել չի կարող, նա քո տղամարդն է, ու եթե մի փոքր խոցելի տղամարդ լինի, իր մոտ տաբուներ կառաջանան այդ արտահայտությունից»,- ասաց հոգեբանը:
Կարդացեք նաև
Տիկին Բադալյանը չի ընդունում այն կանանց պահվածքը, որոնք ամուսնանում եւ տատիկ են դառնում միեւնույն սանրվածքով: Նա նշում է, որ փոփոխականությունը կնոջ համար առաջնային պայման է: Ըստ հոգեբանի՝ տղամարդն ու կինը ոչ միայն ընկերներ պետք է լինեն` ասելիք, խոսելիք ունենան, միասին քննարկեն ու վերլուծեն տարբեր հարցեր, այլեւ պետք է պահպանել կին-տղամարդ ձգողականությունը: «Իսկ եթե այդ ամենից հետո ընտանիքը խնդիրներ ունի, ապա չպետք է ավելորդ ձգձգել, պահել այն, ինչը քոնը չէ»,- ասաց հոգեբանը:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.05.2015 թ