Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բողոքենք՝ չբողոքենք, որոշել են՝ պիտի խոշորացնեն»

Մայիս 16,2015 13:30

Մայիսի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվի համայնքների խոշորացման հարցով հանրաքվե: Այն կունենա դեռեւս փորձնական բնույթ եւ կկիրառվի Հայաստանի 3 մարզերում` Լոռիում, Սյունիքում եւ Տավուշում: Լոռվա մարզում խոշորացման ծրագրում են 7 համայնքներ` Թումանյանը, Մարցը, Քարինջը, Լորուտը, Շամուտը, Աթանը, Ահնիձորը, որի կենտրոնը կլինի Թումանյանը, քանի որ այս համայնքի բնակչությունը 4846 մարդ է:

Կառավարության եւ բնակիչների կարծիքները դեռեւս հակասական են` կառավարությունը ասում է, որ արդյունավետ ծրագիր է, համայնքների խոշորացմամբ կառավարումը ավելի հեշտ կլինի, եւ մեծ գումարներ կկրճատվեն, իսկ բնակչությունը տեսնում է գործազրկություն եւ փոքր համայնքների վերացման վտանգ: Նախօրեին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» լրագրողների համար հանդիպում էր կազմակերպել Ալավերդու քաղաքապետարանում, որին մասնակցում էին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, համայնքների խոշորացման փորձագետ Հայաստան Ստեփանյանը, խոշորացման ծրագրում ներառված Քարինջ համայնքի ներկայացուցիչներ:

Մինչ հանդիպումը սկսելը՝ Քարինջի ներկայացուցիչները դժգոհություն հայտնեցին, որ միավորվող համայնքներից ոչ մի ներկայացուցիչ չկար, որի պատճառը մարզպետի` համայնքապետերին նույն ժամին խորհրդակցության հրավիրելն էր: Փորձագետ Հայաստան Ստեփանյանը կարծիք հայտնեց, որ ըստ նրա՝ խոշորացման ծրագիրը գործիք է, քանի որ համայնքները կարող են ցանկացած պահի միավորվել, բաժանվել, բայց համայնքները պարտավոր են շատ լավ ծանրութեթեւ անել, թե որն է իրենց համար լավ:

Նա նշեց նաեւ, որ համայնքները պետք է հաշվի առնեն իրենց ռիսկերը, շահերը. «Շատ հնարավոր է, որ շատ էմոցիոնալ որոշում կայացվի, քանի որ, որքանով ես եմ տեղյակ, ծրագրի շատ մանրամասներ, բնակչությանը չեն ներկայացվել: Հայաստանում կան շատ լուրջ անձինք՝ եւ կառավարությունում, եւ փորձագետների մեջ, որոնք միակ ճանապարհը տեսնում են խոշորացման մեջ: Իմ կարծիքով՝ պետությունը իր առջեւ պետք է որոշակի նպատակներ դնի` ինչու է ուզում խոշորացնել համայնքները, խոշորացումը նպատակ ունի հզորացնել համայնքները, ապահովել տվյալ համայնքների համար տնտեսական զարգացում, ավելի մատչելի եւ որակյալ դարձնել համայնքի կողմից իրականացվող ծառայությունները եւ նպաստել ժողովրդավարական գործընթացներին»,- նշեց տիկին Ստեփանյանը:

Նա նաեւ ասաց, որ սրանք փորձնական ծրագրեր են, եւ գիտելիքները դեռեւս տեսական են տվյալ տարածքի համար, դեռ չեն հաշվել բոլոր ռիսկերը, օրինակ` եթե միավորվում են համայնքները, ենթակառուցվածքները ո՞նց են աշխատելու, բոլոր համայնքներում պահպանելո՞ւ են նախադպրոցական հաստատությունները, ավագ դպրոցը, միջնակարգ դպրոցը, կամ ո՞վ է իրականացնելու աղբահանությունը, ինչպե՞ս են իրականացնելու, ինչպե՞ս են վերանորոգվելու ճանապարհները եւ ի՞նչ միջոցների հաշվին: Ըստ փորձագետի՝ սրանք խնդիրներ են, որ պետք է մտածել:

xoshoracum4- 2

Ալավերդու քաղաքապետը քննարկման ժամանակ ասաց, որ Ալավերդի համայնքը այսօր այս ամենը չի կարող գնահատել մինչ միավորվելը եւ դրանից հետո, որովհետեւ դեռեւս խորհրդային ժամանակներից խոշորացված են: Իսկ խոշորացման ծրագրի վերաբերյալ ասաց. «Համակարգային փոփոխություն է, որի հիմքում օրենսդրական փաթեթը եւ այդ հակակշիռները պետք է ուսումնասիրվեն, միգուցե առողջ առաջարկներ լինեն, եւ այդտեղ փոփոխությունների թիվն ավելացնել: Այսօր ես խոսեմ որպես հարկատու, բնակիչ. ինձ հեչ հետաքրքիր չէ գյուղապետարանի աշխատակազմի աշխատավարձը, ուզում եմ իմ վճարած հարկերի դիմաց ծառայություններ ստանալ, որովհետեւ համայնքներ կան, որ ի վիճակի չեն մատուցել»:

Քարինջ համայնքի ներկայացուցիչ Սամվել Մխիթարյանն էլ նշեց. «Մինչեւ մարզպետի գալը՝ ժողովուրդը ուրիշ կարծիքի էր, կար տրամադրվածություն, որ մեծամասնությունը ասի՝ ոչ, բայց մարզպետի գալուց հետո փոշմանեցին, երեւի մեր մարզպետը նորմալ ներկայացրեց բնակչությանը, որն էլ ասեց՝ կարելի է հարգված մարդու ասած խոսքը ընդունել: Մեր մարզպետը էս ձորում ընդունված, հարգված անձնավորություն է, եւ ժողովուրդը ինչ-որ ձեւով արդեն կգնա մարզպետի հետեւից»: Այս գյուղի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ոչ միայն բնակչությունն է դեմ, այլեւ իրենց գյուղապետը, բայց, քանի որ «ծառայող» մարդ է, չի կարող ընդդիմանալ:

Մարզի բնակիչների շրջանում կատարած հարցումների ժամանակ էլ, թե ինչ կարծիքի են համայնքների խոշորացման հարցում, տարբեր տեսակետներ հնչեցին: Լրագրողները պատահական ընտրված տներ այցելեցին:

«Առավոտը» այցելեց գյուղի նախկին գյուղապետ Հրաչիկ Հովհաննիսյանին, որի ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց: Հրաչիկ Հովհաննիսյանն ասաց, որ այլեւս այս կառավարության ոչ մի խոսքին չի հավատում: Ըստ նրա՝ տարիներ առաջ էլ ՀԷԿ կառուցելու համար ամբողջ գյուղը համախմբված բողոքել է, բայց ոչ ոք գյուղացու ձայնը չի լսել. «Ես աշխատած մարդ եմ, գիտեմ, որ այս բոլորը սուտ է, ուզում ա ասենք՝ այո, ուզում ա ասենք` ոչ, որոշել են՝ պիտի անեն: Եթե մարդ 50 տարի աշխատի ու 50 հազար դրամ ստանա, 6 անձ պահի, էլ ի՞նչ: Տղես հիվանդ, հարսս չի աշխատում, ես ու կինս՝ թոշակառու, երեխեքն էլ՝ դպրոցական: Ուղղակի ամեն մարդ պետք ա աշխատի իր գլուխը պահել»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.05.2015 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031