Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորհրդային ծրագրեր, օտարամոլություն եւ մասոններ

Մայիս 16,2015 13:00

Կոմպոզիտոր Աշոտ Բաբայանը մտահոգված է

Երաժշտական բազմաժանր ստեղծագործությունների  (օպերա, սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ, կանտատ-օրատորիա,  երաժշտաթատերական) հեղինակ, կոմպոզիտոր Աշոտ Բաբայանը (լուսանկարում) համոզված է, որ այսօրվա երիտասարդ սերունդը չի ճանաչում մեր հայ դասականներին: Նրա ձեւակերպմամբ՝ վերջին շրջանում Հայաստանում «վերեւների» թողտվության պատճառով երաժշտարվեստում իշխանությունը գտնվում է, այսպես կոչված, փոքր արվեստագետների ձեռքում, այդ պատճառով էլ զարգանում է օտարամոլությունը: «Կառավարության կողմից երաժշտարվեստին հատկացվող մեր ազգային միջոցների գերակշիռ մասը համաշխարհայինի անվան տակ ծախսվում է օտար երաժշտության վրա: Այդ գումարներով կազմակերպվում են միջազգային փառատոներ, մրցույթներ, համերգային շրջագայություններ, ներկայացումներ, որտեղ փաստացի դուրս է մղված ազգայինը»,- նեղսրտում է կոմպոզիտորը:

Հարցին, թե իր կարծիքով, օտարամոլությունը  ինչպե՞ս է արտահայտվում երաժշտարվեստում, Աշոտ Բաբայանը պատասխանեց. «Այն դրսեւորվում է տարբեր կերպ՝ մշակութային աղանդներ, օտարի ուշադրությանն արժանանալ, խորհրդային ավանդական մտածողություն: Ընդ որում, այս ամենը սկսվում է ուսումնական հաստատություններից: Մինչեւ այսօր երաժշտական դպրոցներում դասավանդում են խորհրդային ծրագրերով: Այո՛, այն ժամանակներում երաժշտությունն էլ էր քաղաքականացված, ծրագրերում էլ հիմնական շեշտը դրված էր եվրոպական երաժշտությանը՝ որպես համաշխարհային, իսկ ազգայինը հետին պլանում էր:

Օրինակ, հիմա էլ կրթական ծրագրերում պարտադիր տեղ է գրավում, ասենք, մենուետ, մազուրկա, պոլոնեզ եւ այլ եվրոպական պարերը, բայց ինչո՞ւ քոչարի ոչ մի դաշնակահար, ջութակահար չի նվագում: Սա օտար մտածողություն է եւ պատճառներից մեկը, որ մեզանում մշակութային շուկան չի կայանում»:  Արդյունքում՝ մեզ մոտ պատրաստում են եվրոպական կողմնորոշմամբ երաժիշտներ, որոնցից շատերն էլ Երեւանում ստացած իրենց գիտելիքներով մեկնում են արտերկիր ու հեշտությամբ կարիերա անում: «Արդյոք սա չի՞ նշանակում, որ մեր ազգային միջոցներով կադրեր ենք պատրաստում ուրիշների համար»,- հռետորական  հարց է ուղղում կոմպոզիտորը:

Աշոտ Բաբայանի համոզմամբ՝ արտերկրում ապրող ու ստեղծագործող հայ երաժիշտները, որոնց նա անվանում է օտարամոլներ, մեզանում ընդունվում են  իբրեւ մեծություններ, ավելին՝ արժանանում բարձրագույն պարգեւների, կոչումների եւ այսպես, իր խոսքերով՝ թոզ փչում մեծամեծ միամիտների աչքերին:

«Դրսում» մեր անվանի երաժիշտ-կատարողները ներկայանում են որպես հայ եւ գուցե ինչ-ինչ պատճառներով են քիչ անդրադառնում մեր հեղինակներին դիտարկմանը՝ Աշոտ Բաբայանը ուներ իր պատասխանը. «Մինչ կատարողներին անդրադառնալը՝ նշեմ, որ կոլեգաներիցս շատերը, ընդ որում, ոչ միայն երիտասարդները, ինչ լեզվով ասես չեն ստեղծագործում, միայն թե իրենց թեկուզ փոքր գործերը արժանանան օտարների ուշադրությանը: Կատարողների դեպքում մի փոքր այլ է. նրանք կարողանում են արտերկրում գոնե վաստակել, ծառայել օտար մշակույթին, բարձրագոչելով, թե հայ երաժշտությունը տարածում են աշխարհում:

Թեպետ երբեմն էլ համամիտ եմ, որ հանգամանքներից ելնելով՝ մի քիչ դա էլ են անում, սահմանափակվելով հիմնականում Խաչատրյանով»: Շեշտեց նաեւ, թե ըստ մասոնական ծրագրի, աշխարհը գնում է դեպի գլոբալիզացում, ինչը մեր զրուցակցի խոսքերով՝ մեզ նման փոքր ժողովուրդների համար վտանգավոր է եւ միայն մեր մշակույթը զարգացնելով կպաշտպանվենք օտարներին ձուլվելու վտանգից:

Իսկ թե ի՞նչ է նշանակում «մշակութային աղանդներ», կոմպոզիտորը մանրամասնեց, որ կոնկրետ երաժշտարվեստի աղանդավորներին հաջողվում է կազմակերպել փառատոներ, հրավիրել հեղինակավոր երաժիշտների, կոլեկտիվների, անգամ նվագախմբերի:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031