Ճանաչված կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ շատ երկրներում են կայացել՝ Ուրուգվայ, Մեքսիկա, Արգենտինա, Իսպանիա, Իտալիա, Իսրայել, Ռուսաստան, Վրաստան… Ընդ որում, Փարաջանովի ու Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները եղել են մեկ-երկու ֆիլմով, իսկ Հարություն Խաչատրյանինը ֆիլմաշարով: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց կինոռեժիսորը, նախկինում իր պարագայում ամեն ինչ այդքան հախուռն չէր, տարեկան մեկ-երկու երկիր էր հրավիրում, հիմա պատկերը փոխվել է: Ամեն ինչ սկսվել է Մեքսիկայից, նախաձեռնությունն էլ Մեքսիկայի ազգային կինոարխիվինն ու Մեխիկոյի «Պլանետա» կինոթատրոնինն էր: Ցուցադրվել են «Կոնդը», «Վավերագրողը», «Վերադարձ ավետյաց երկիրը», «Պոետի վերադարձը», «Սահմանը»: Խաչատրյանական ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները շարունակվում են՝ Բեռլին, Փարիզ, Նյոն: Սա ոչ լրիվ ցանկն է:
Արվեստագետն ասում է, որ այս տարի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմից հետո էլ ավելի է մեծացել իր ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը: Օրինակ, այս տարվա մարտի 7-ից ապրիլի 6-ը Բեռլինում՝ Մաքսիմ Գորկու անվան թատրոնի հետ համատեղ իրականացված «Այլեւս երբեք» ծրագրի շրջանակներում էլ ցուցադրվել է իր այդ ֆիլմը, նաեւ հանդիպում է կայացել ու մարդիկ հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել իրեն: Ընդհանրապես Հարություն Խաչատրյանի ֆիլմերի մի մասը տեղավորվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կինոցուցադրությունների համատեքստում, որովհետեւ այդ ֆիլմերը ցեղասպանության հետեւանքների արդյունքն են արձանագրում, սահուն շարունակությունը ցեղասպանության պատմության: Հանրահայտ լրատվամիջոցներում Խաչատրյանի ֆիլմերից հետո բազմաթիվ հոդվածներ են տպագրվել: Հարություն Խաչատրյանի ֆիլմերին նվիրված երեկո է նախատեսված նաեւ Մոսկվայի փառատոնում, Բաթումի եւ Վառնայի, Տալլինի, Միլանի փառատոների շրջանակներում՝ հետահայաց ցուցադրություններ, իսկ Թբիլիսիում՝ հարգանքի տուրք:
«Շատ զարմանալի է, որ Հայաստանում այդ առումով հետաքրքրություն չկա: Եթե մի երկրում ռեժիսոր կա, որի հեղինակային կինոն իբրեւ ձեռագիր, հետաքրքիր է աշխարհի համար, նաեւ դասերի համար վերցնում-ցուցադրում են կինոդպրոցներում, առնվազն տարօրինակ է, որ մեզ մոտ մի տեսակ անտարբերություն է տիրում: Դա էլ ինչ-որ տեղ հասկանալի է՝ իմ ֆիլմերը մարդկանց հրճվանք կամ հպարտություն չեն բերում, բերում են անհանգստություն»,-ասում է կինոռեժիսորը:
Կարդացեք նաև
Իմիջիայլոց, տառացիորեն վերջերս գերմանական «Նոյես Դոյչլանդ» ( «Neues Deutschland») թերթում մեծ հոդված է տպագրվել Հարություն Խաչատրյանի ֆիլմերի մասին՝ «Բանաստեղծը որպես դոկումենտալիստ» վերնագրով: Հոդվածի հեղինակը կինոռեժիսորին բնորոշել է որպես իր երկրի կրքոտ հետազոտող եւ միաժամանակ բանաստեղծ ու վարպետ, որը վավերագրողի անսովոր ձեւով է ներկայանում. «Նա ոչ թե զուտ ինֆորմացիա է տալիս, այլ թողնում է, որ ինքներս զգանք այդ գործողությունները»:
Շվեյցարիայի լավագույն կինոգետներից մեկն էլ ծավալուն հարցազրույց է տպագրել Հարություն Խաչատրյանի հետ՝ Նյոնի փառատոնի կատալոգում: Ընդհանրապես արտերկրի կինոգետները հաճախ են զուգահեռներ անցկացնում Հարություն Խաչատրյանի ստեղծած ու Ցեղասպանության ֆիլմերի միջեւ, չէ՞ որ սկսած թափառող հայերից մինչեւ Սումգայիթի ցեղասպանություն, հետեւանքներ են Հայոց ցեղասպանության:
Կինոռեժիսորը, բնականաբար, հպարտ է, որ իր կինոյին միջազգային մամուլում լրջորեն անդրադառնում են, բայց նաեւ ցավ է զգում, ասում է. «Կուզենայի, որ միայն ես հպարտ չլինեմ, որ այսպիսի կինո ունենք»: Շվեյցարացի կինոգետին տված հարցազրույցում ճանաչված կինոռեժիսորն ասել է, որ իրեն պրոֆեսիոնալ կինոգործիչ չի համարում. «Ես ինձ ավելի շուտ թափառող երգիչ, աշուղ եմ համարում, որը պատմություններ է պատմում ու երգում բոլոր նրանց համար, ովքեր ուզում են լսել: Կարողացածիս չափով պատմություններ պատմելուց զատ՝ այլ շնորհք չունեմ: Երգելու համար ձայն չունեմ եւ միշտ գիտեի, որ իմ պատմությունները ժապավենով եմ պատմելու: Կինոլեզուն երկխոսություններից ազատվելու՝ ինձ հայտնի միակ լեզուն է: Զգացողություն ունեմ, թե շատ բաներ կան, որ միայն ինձ է վիճակված տեսնել»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.05.2015 թ.
Այ, եթե Հայաստանի ուտող խմող տղերքի մասին ֆիլմեր լինեին, մի երկու ամիս աղմուկ աղաղակն ապահովված կլինեին:Ինչպես են ուտում, մարդկանց գցում, երեխեքն ինչ վատն են և նմանատիպ անմտություններ: