Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականից մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր: Հետագայում այդ տոնին ավելացավ ևս մեկը՝ Թանգարանային գիշերը, որը վերջին տարիներին մեծ իրարանցում է առաջացնում նաև Հայաստանում:
Մայիսի 16-ին՝ ժամը 18:00-ից Հայաստանի շուրջ 111 թանգարաններ մինչև կեսգիշեր բաց կլինեն այցելուների համար:
Թանգարաններն այդ օրը կներկայանան յուրահատուկ ծրագրով:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, օրինակ, «Հիշողության պատուհաններ» ժամանակավոր ցուցադրությամբ կներկայանա հետաքրքիր մի քանի ծրագրերով, որոնք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Թանգարանի գիտաշխատող Մարինե Հարոյանը. «Պատասխան 100 տարի անց» ծրագրով տեսաշարի միջոցով կցուցադրվեն 1894-1923 թթ. գրված՝ Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակների հայ և օտարազգի անվանի գործիչների պատասխան-արձագանքները, ինչպես նաև կլինեն բեմականացված ընթերցումներ՝ Ռուբեն Սևակի և նրա կնոջ՝ Յանի Սևակի սիրային նամակների հիման վրա: Ծրագիրը կեզրափակվի մեծերի ու փոքրերի համար նախատեսված ստվերների թատրոնով և էթնիկ ռոք խմբի համերգով»,- տեղեկացրեց Մ. Հարոյանը:
Կարդացեք նաև
Յուրօրինակ ծրագիր է նախապատրաստել նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը. «Այցելուները հնարավորություն կունենան դիտելու մեծ ցուցադրություն՝ դաշնամուրային երաժշտության ներքո: Այնուհետև Արևմտյան Հայաստանի հուշարձաններին նվիրված դասախոսություն կլինի: Քանի որ մեր թանգարանի այցելուները տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ են, արդեն ձևավորված հետաքրքիր ավանդույթի համաձայն՝ Թանգարանի բացօթյա տարածքում կլինեն նաև ավանդական երգ ու պար, բեմադրություններ և այլն»,-նշեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը՝ հիշեցնելով նաև Թանգարանում վերջերս բացված «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսի մասին, որը բաց կլինի մինչև մայիսի 30-ը, հետևաբար՝ նաև այդ օրը:
«Նախատեսված է նաև երեկոյան զբոսանք Թանգարանի միջնաբերդում, որի նպատակով վերականգնվել է ամբողջ լուսավորությունը: Զբոսանքի ընթացքում այցելուները կծանոթանան նաև գիշերային Էրեբունուն»,- հավելեց Գ. Գյուրջյանը:
Նշենք, որ Հայաստանում Թանգարանային գիշերն այս տարի անցկացվում է «Թանգարանները՝ հիշողության վկաներ» կարգախոսի ներքո, և միջոցառման մասնակից բոլոր թանգարաններն այս կամ այն կերպ կանդրադառնան Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ի դեպ, ինչպես տեղեկացրին բանախոսները, Թանգարանների միջազգային օրը (մայիսի 18) նույնպես մինչև ժամը 18:00 բոլոր թանգարաններն անվճար կլինեն այցելուների համար:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ