Լրահոս
Օրվա լրահոսը

Օղեթորման սարքի «սիրահարը» դատապարտվեց չորսուկես տարվա ազատազրկման

Մայիս 15,2015 21:45

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Հրայր Բուդուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 2015թ. հունվարի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Պառավաքար գյուղում ապօրինի մուտք է գործել Նորա Բրուտյանի առանձնատուն եւ այնտեղից գողացել 60000 դրամ արժողությամբ օղեթորման սարք, հունվարի 28-ին Տավուշ գյուղում մուտք է գործել Շուշիկ Սահակյանի առանձնատուն եւ առանձնատան նկուղ եւ այնտեղից գողացել մեկ հատ հիդրոմեկուսիչ պաստառ եւ ծառերի, բույսերի սրսկման ձեռքի մեխանիկական սարք՝ պատճառելով ընդհանուրը 10500 դրամի նյութական վնաս: Բացի այդ, նա 2015թ. հունվար ամսվա ընթացքում Ներքին Կարմիրաղբյուր գյուղում մուտք է գործել Ռոզա Բուդուրյանի առանձնատան նկուղ եւ այնտեղից գողացել 100000 դրամ արժողությամբ օղեթորման սարք՝ իր կափարիչով:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Հ. Բուդուրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան երկու դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, նաեւ 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Մինչ դատաքննությունը սկսվելը Հ. Բուդուրյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրա հետ:

Դատարանը պատիժ նշանակելիս նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել խնամքին մինչեւ 14 տարեկան 3 երեխաների առկայությունը, նաեւ այն, որ նա բնութագրվում է դրական, ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում դրա համար: Մայիսի 6-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ ,նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, Հ. Բուդուրյանին դատապարտել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031