Գյումրիում կառուցված ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով այսօր հանրապետության երկրորդ քաղաք էր ժամանել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Հանդիսավոր արարողությունից հետո արտակարգ իրավիճակների նախարարը շտապեց Շիրակի մարզպետարան գյուղապետերի հետ հանդիպելու, որտեղ եւ բացառապես հանդես եկավ որպես տարածքային կառավարման նախարար: Թեեւ նա հայտարարեց, որ եկել է լսելու գյուղացիների խնդիրները, սակայն հանդիպման ընթացքից պարզ դարձավ, որ նրա միակ նպատակը համայնքների խոշորացման ծրագրի շուրջ գյուղապետերի տրամադրությունը ճշտելն է:
Կարդացեք նաև
Սկզբիցեւեթ Արմեն Երիցյանը շեշտը դրեց այդ թեմայի վրա՝ հավաստիացնելով, որ ինքը դահլիճում նստածներից մեկն է: «Դա նշանակում է, որ ձեր ուրախությունը իմ ուրախությունն է, ձեր ցավը իմն է, սրանք լոկ խոսքեր չեն, հարգելի բարեկամներ, դա մենք միասին ենք անելու: Շատ հաճախ ես էստեղ եղել եմ որպես ոստիկան, որպես ոստիկանության ղեկավար, հետո որպես արտակարգ իրավիճակների նախարար, որպես փրկարար, այսօր որպես տարածքային կառավարման նախարար»,-այսպես սկսեց իր խոսքը նախարարը՝ անցում կատարելով դեպի համայնքների խոշորացման ծրագիր: Ըստ նախարարի, այսօր ոչ մեկը չի գա մեզ համար մեր տները վերանորոգի, փողոցները ասֆալտապատի, մենք ենք անելու: Նա մանրամասնեց, թե ինչ է համայնքների խոշորացումը՝ փորձելով համոզել, որ ոչ մի վատ բան չկա, դա գյուղերը զարգացնելու ծրագիր է:
Այնուհետ նախարարը ասաց, որ սրանից ավելի վատ վիճակ չի կարող լինել: «էսօր շատ փոքր գյուղեր ունենք. գյուղ կա ապրում է 8 մարդ, քաղաք կա, որ ապրում է 200 մարդ, հարգելի բարեկամներ, էդպես չի լինում, էդ քաղաքում կա քաղաքապետ, կա կոմունալի պետ, տարբեր ծառայության ղեկավարներ, էդ քաղաքում բոլոր ղեկավար են, աշխատող չկա… Էս ամենը մեր ուշադրության կենտրոնում է, էս ամենի մասին մենք պետք է բարձրաձայնենք: Ինձ ասում են, որ խոշորացրեցիք, վատ է լինելու: Ինձ մի հատ բացատրեք, սրանից վատ ի՞նչ ա լինելու. եթե 21-րդ դարում գնում ես, տեսնում ես 18-20 տարեկան աղջիկը վեդռոներով ջուր է տանում, որ խմեն, դրանից վատ ի՞նչ է լինելու»:
Ըստ նախարարի, համայնքները պետք է զարգացնեն միասին՝ նախարարը գյուղապետերի հետ: Տեսնելով գյուղապետերի թերահավատ հայացքները՝ նա ասաց, որ հասկանում է գյուղացիներին, քանի որ շատեր են խաբել նրանց ու դրա համար այսօր ոչ մեկին չեն հավատում: «Դրա համար մենք պետք է մեր մեջ տղամարդկություն ունենանք, եթե մի բան ներկայացնում ենք, հիմա ներկայացրել ենք, որ ասֆալտապատում ենք եւ պետք է 500 միլիոն դրամ, էսօր ես դա կարող եմ անել, թե ոչ, ես միանգամից դա պետք է կարողանամ ասել…», ասաց նախարարը: Նա ասաց, որ անձամբ ինքը լինելու է գյուղացիների կողքին ու շեշտեց. «Ես ձեզ դա խոստանում եմ որպես տղամարդ»:
Նշենք, որ նրա ելույթից հետո ձեռք բարձրացրեց Հովտաշենի դաշնակցական գյուղապետ Սեյրան Փիլիպոսյանն ու ասաց. «Մենք դեմ ենք համայնքների խոշորացմանը »: Շիրակի մարզպետը հասկացրեց, որ նրա դեմ լինելով ոչինչ չի փոխվի: Ֆելիքս Ցոլակյանն ասաց. «Լավ, նստի՛, պրծա՞ր, նստի՛, եղավ… քո ասածը հաշվի կառնենք»: Գյուղապետին ձայնակցեցին մյուս համայնքապետերը, թե մենք բոլորս էլ դեմ ենք:
Մանրամասները տեսանյութում՝
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ