Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են միլիոններ ծախսում Սեւանա լճի ջրահավաք ավազանում երկրաբանական ուսումնասիրության համար, եթե հետո հանք չեն կարող շահագործել

Մայիս 15,2015 21:25

Aravot.am-ի հետ զրույցում ապրիլի 28-ին «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը մտահոգություն էր  հայտնել, որ Սեւանա լճին վտանգ է սպառնում, քանի որ մետաղական մոտ 16 հանքավայրերի ուսումնասիրության եւ շահագործման լիցենզիա է տրվել, այդ հանքավայրերը Սեւանա լճի ջրահավաք ավազանում են գտնվում: Պարոն Սանասարյանը հղում կատարելով «Սեւանա լճի մասին» օրենքին, վստահեցրել էր, որ արգելում է Սեւանա լճի ջրահավաք ավազանում որեւէ տնտեսական գործունեություն ծավալել, եթե այն վտանգ է սպառնում լճին.«Իսկ այդ հանքավայրերը իսկական վտանգ են, ամբողջ թափոնները ջրի եւ քամու հոսքերի միջոցով թափվելու են Սեւանա լիճ»:

Aravot.am-ը հարցեր էր ուղղել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, թե՝ ի՞նչ հիմնավորմամբ է նախարարությունը տրամադրել այդ լիցենզիաները, եթե «Սեւանա լճի մասին» օրենքն արգելում է լճի ջրահավաք ավազանում նման գործունեություն ծավալել, ինչպես նաեւ նախարարությանը տրամադրել էինք Սանասարյանի մատնանշած 16 մետաղական հանքավայրերի անուններն ու հետաքրքրվել՝ արդյոք այդ հանքավայրերը Սեւանա լճին չե՞ն սպառնում եւ օրենքի խախտում չէ՞ այդ տարածքներում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելը:

Այս առնչությամբ նախարարությունից  Aravot.am-ին պատասխանել են՝ «Նշված 16 օբյեկտները հանդիսանում են երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտներ, որոնցում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարումը արգելված չէ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով: «Սեւանա լճի մասին«  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետի համաձայն՝ անմիջական ազդեցության գոտում արգելվում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը»:

Հակոբ Սանասարյանը մեզ հետ զրույցում նկատեց՝ եթե օրենքն արգելում է այդ տարածքում հանքաարդյունաբերություն, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք է որեւէ ընկերություն այնտեղ միլիոններ ծախսի, ուսումնասիրություններ կատարի. «Իսկ ո՞վ է ասել,  որ ուսումնասիրություն անելը վտանգավոր չէ: Վերջապես այնտեղ քանդում են, հանքաքար է հանվում, եթե տեսնեք՝  ավերածություններ են կատարվում: Բայց, փաստորեն չեն ժխտել, որ լիցենզիաներ տվել են»:

Մեջբերենք «Սեւանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածը՝ «Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում գործունեության իրականացումը

  1. Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:
  2. Անմիջական ազդեցության գոտում արգելվում են՝

ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ եւ կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը. բ) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը եւ տեղադրումը. գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը. դ) քարածխի եւ հեղուկ վառելանյութի բազայի վրա աշխատող 10 մեգավատտից ավելի հզորությամբ ջերմային էներգիայի աղբյուրների գործարկումը»: Այսինքն, եթե արգելվում է ասենք՝ հանքանյութեր մշակող կամ այլ տեսակի հանքարդյունաբերական գործունեություն իրականացնել, ապա, ինչպես Սանասարյանն է նկատում՝ ուսումնասիրություն անող ընկերություններն ուղղակի հիմա իրենց միլիոնները քամուն են տալիս, քանի որ, եթե հանքանյութի պաշար էլ հաստատվի, ապա օրենքը թույլ չի տալու այս կազմակերպություններին հանք շահագործել, եթե իհարկե, հետագայում օրենքում փոփոխություններ չանեն եւ նշված արգելքը չվերացնեն: «Հստակ գրված է՝ ցան-կա-ցած, ցան-կա-ցած գործունեություն արգելվում է. Սա վերաբերում է նաեւ ուսումնասիրությանը, որն անմիջապես ազդում է լճի վրա»,-ասաց Սանասարյանը:

Մենք բնապահպանության նախարարությանն էլ հարց էինք ուղղել՝ արդյոք նշված 16 ընկերությունների գործունեությունում նախարարությունը  որեւէ թերացում կամ խախտում հայտնաբերել է: Նախարարությունից ստացված պատասխանում անդրադարձ չկար մինչ օրս կատարված որեւէ ուսումնասիրության: Ուստի կարելի է ենթադրել, որ ստուգումներ կամ չեն կատարել, կամ կատարել են, բայց հրապարկման ենթակա չեն: Նշենք, որ բնապահպանության նախարարությունը մեզ վստահեցրել է, որ այս տարի նախատեսել են ստուգումներ իրականացնել Սեւանա լճի ջրահավաք ավազանի մետաղական հանքավայրերի շահագործող կամ ուսումնասիրող կազմակերպություններում՝ նրանց կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Նկատենք, որ նշած 16 ընկերությունները լիցենզիա են ստացել տարիներ առաջ. Ուստի նախարարությունը պիտի որ արդեն գոնե 1 անգամ ստուգումներ կատարեր:

«Նախկինում հսկիչներին իրավունք չէին տալիս գնային հանքերին, պոչամբարներին մոտենալ ու ստուգել, այդ հրահանգը տրված էր վերեւից՝ նախագահների մակարդակով: Չգիտեմ՝ հիմա մի բան փոխվե՞լ է: Եւ հետո,  ուսումնասիրության եւ շահագործման թույլտվությունների մեծ մասը տրվել է նախկին նախարար Վարդան Այվազյանի օրոք: Նոր նախարարը,կարծես լավն է, նա կարող է արգելել ընդհանրապես Սեւանա լճի ջրահավաք ավազանում որեւէ գործունեություն: Նա կարող է երկրաբանական ուսումնասիրություն անողներին հայտարարել ՝ եթե նույնիսկ հարուստ հանք գտնեք, դուք իրավունք չունենք շահագործել, այս դեպքում  ո՞ր հիմարը կգնա ու այնտեղ կփորի»,-նկատեց Սանասարյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031