Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեբանի ներգրավմամբ հնարավոր կլինի խուսափել շատ ամուսնալուծություններից». փաստաբան

Մայիս 15,2015 20:35

Փաստաբան Լիանա Բալյանի դիտարկմամբ՝ ամուսնալուծությունների թիվը Հայաստանում տարեցտարի աճում է, որովհետև ՀՀ օրենսդրությամբ ամուսնալուծվելու ընթացակարգն այնքան հեշտացված է, որ ամուսիններն առանց որևէ դժվարության ամուսնալուծվում են:

Մեր երկրում ամուսնալուծությունների հիմնական պատճառը, ըստ փաստաբանի, արտագնա աշխատանքն է:

Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, Լ. Բալյանը համոզմունք հայտնեց, որ եթե ընտանեկան օրենսգրքում լուրջ փոփոխություններ կատարվեն, և բարդացվի ամուսնալուծությունների ընթացակարգը, ապա դրանց թիվը զգալիորեն կնվազի. «Հայաստանում այնքան հեշտ է ամուսնալուծվելը: Ամուսիններից միայն մեկի ցանկությունն էլ է բավական դրա համար»,- ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ թեև դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու ուղղությամբ, բայց միայն 3 ամիս ժամանակ է տալիս նրանց, որ նրանք իրենք հաշտվեն. «Իսկ ինքը որևէ աշխատանք չի տանում հաշտեցնելու ուղղությամբ. ոչ դատավորն է հոգեբան, ոչ էլ փաստաբանը»:

Լ. Բալյանը համոզված է, որ ամուսնալուծությունների գործում պետք է ներգրավել հոգեբանի, որը կողմերի հետ համապատասխան աշխատանք կտանի: Փաստաբանը վստահ է, որ հոգեբանի ներգրավմամբ հնարավոր կլինի խուսափել շատ ամուսնալուծություններից:

Իսկ ինչո՞ւ են շատացել ամուսնալուծությունները:

«Խորհրդային տարիներին ձևավորված ընտանիքները ջանում էին ամուր պահել ընտանիքը, որովհետև ամուսնալուծվելիս անպայման քննադատվում էին նաև շրջապատի կողմից: Դա ամոթ էր համարվում այն ժամանակ, իսկ հիմա շատացել է ազատությունը, և ամոթ չի համարվում, ավելին՝ երբեմն նաև խրախուսվում է: Բացի այդ, շատացել են «գործնական» կանայք, որոնք աշխատանք ունեն և մտածում են, թե ինչու պետք է ամուսնու ծեծը տանեն կամ ենթարկվեն սկեսրոջ քմահաճույքներին:

Ահա այդ ազատությունը, ամուսնալուծվելու հեշտացված ընթացակարգը (այն առաջ ավելի դժվար է եղել), սերիալները և եվրոպական մի շարք «արժեքների» ներթափանցումը մեր երկիր ինքնըստինքյան բերեցին ընտանիքների քայքայման»,- ասաց փաստաբանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031