Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր օրհնությունը տրվում է մարդկանց, որոնց համար պսակադրությունը ձև է». վարդապետ

Մայիս 15,2015 19:50

Կոմիտաս վարդապետ Հովնանյանի դիտարկմամբ՝ 20-րդ դարից ի վեր ընտանիքի գաղափարն սկսել է «տկարանալ»: Նրա խոսքով՝ 1902 թվականին սկսված ֆեմինիստական և ապա դրանից տասնամյակներ անց ձևավորված հիպիական շարժումներն արդեն իսկ սկսեցին խախտել ընտանիքի գաղափարը:

«Եկեղեցին, միշտ պահելով աստվածաշնչյան տարբերակը, ձևավորում էր ընտանիքի այնպիսի գաղափար, որ այն ոչ միայն չդառնար ինքնանպատակ կառույց, այլև լիներ ազգապահպանման հիմքը. կործանելով ընտանիքի ընկալումը՝ խախտվում էր ազգի ամբողջականությունը»,- այսօր՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Նրա կարծիքով, այն, ինչ կատարվում է, կատարվում է հատուկ նպատակով, հատուկ ծրագրերով. «Հայ եկեղեցին՝ որպես ավանդական և ավանդապահ կառույց, անշուշտ, ամեն ինչ անում է ընտանիքի գաղափարը պահելու համար, բայց, դժբախտաբար, միշտ չէ, որ կարողանում ենք պատնեշ լինել դրսից եկած գաղափարախոսություններին կամ տարբեր բնույթի հակազդեցություններին»,- ասաց վարդապետը՝ ընդգծելով, որ մենք տուրք ենք տալիս այստեղ-այնտեղից եկած «ազատամտական» ընտանիքի գաղափարին, ինչն էլ մեզ այսօր հասցրել է նրան, որ ունենք առանց հայր մեծացող երեխաների մի ողջ բանակ. «Եվ նրանք, իրենց մոր խնամքի տակ գտնվելով, նույնիսկ տղամարդու ամբողջական կերպար չեն կարողանում ձևավորել: Ու դա բնական է, որովհետև երեխայի համար հայրը պետք է լիներ օրինակ, մինչդեռ հայրը կողքին չէ»:

Հարցին՝ հատկապես ո՞ւմ են ուղղված իր մեղադրանքները, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը պատասխանեց՝ ազգին. «Ազգի մեջ մտնում են բոլորը. ինձ համար ազգից դուրս չի կարող նախագահ լինել, ազգից դուրս չեն կարող նախարարներ լինել, ազգից դուրս չի կարող մանկավարժ լինել: Հետևաբար, հայ ժողովրդի մտավոր խավը պարտավոր է լծվելու այս խնդրին, մենք պետք է օգնենք մեզ, ոչ թե իրար ցեխոտելով, իրար փնովելով ցանկանանք ինչ-որ բանի՝ իբրև թե նպատակի հասնել: Մենք պարտավոր ենք մեր այսօրվա խնդիրների առջևն առնելու»,- շեշտեց նա:

Իսկ որքանո՞վ է մեր եկեղեցին կանգնում, նախաձեռնող կողմ լինում կամ որքանո՞վ է պատրաստակամ նախաձեռնող լինել անկախ Հայաստանի ժողովրդավարական խնդիրները լուծելու համար:

«Դուք գիտեք, որ Հայաստանում՝ որպես ժողովրդավար երկրում, եկեղեցին պետությունից անջատված է,- պատասխանեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը,- ուրիշ խնդիր. եթե մենք այսօր ունենք նախագահական գահին բազմած մի անձնավորություն, որն արժևորում է հայ առաքելական եկեղեցին քրիստոնեական իր տեսակետներով, վաղը կարող է այդ գահին բազմել մեկը, որն ընդհանրապես որևէ զգացում, որևէ պատասխանատվություն չունենա հայ եկեղեցու նկատմամբ, հետևաբար, նա կգործի հայ եկեղեցուն ճիշտ հակառակը: Այնպես որ, հայտարարությունը, թե դեմոկրատական երկրում չի կարող եկեղեցին դեր ունենալ, այն պիտի անջատված լինի պետությունից, ինքնին ինչ-որ տեղ եկեղեցուն պահում է զսպաշապիկի մեջ»:

Դառնալով պսակադրության արարողությանը՝ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը համաձայնեց դիտարկմանը, որ պսակադրվելուց առաջ քահանան չի ընդունում զույգին և չի ասում, թե ինչ արժեք է ընտանիքը, որքան կարևոր է այն, նրա պահպանությունը… Ավելին՝ որպես կանոն՝ պսակադրման տեքստը խմբագրված է լինում, հինգ րոպեում ավարտվում է այդ արարողությունը, և այնպիսի տպավորություն է, որ այդ ամենն արվում է միայն նկարահանման համար:

«Ընդունում եմ: Դժբախտաբար, դա այդպես է: Բայց այդ ամենը գալիս է նրանից, որ մեր եկեղեցու մեջ օրհնությունը տրվում էր հավատացյալին, իսկ այսօր օրհնությունը տրվում է մարդկանց, որոնց համար պսակադրությունը ձև է: Օրինակ՝ ոչ մի աղջիկ չի հայտարարում, որ ինքը պատրաստ չէ հնազանդվելու. պատրաստ է սիրելու, հասկանալու, փոխըմբռնման գնալու, բայց ոչ հնազանդվելու: Եղե՞լ է այդպիսի աղջիկ, որ եկեղեցում պաշտոնապես հայտարարի՝ ես պատրաստ չեմ հնազանդվելու, ի՞նչ է նշանակում հնազանդվել: Բայց առաջ ի՞նչն էր. եթե դու Աստծու առաջ երդում ես տվել, ուրեմն՝ վերջ, այդ երդումը դու պիտի կատարես… Հավատն է մեր մեջ պակասել, իսկ հավատալ նշանակում է մեր մեջ ապրեցնել Աստծու կենդանի ներկայությունը»,- ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031