Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը պահանջում է հանձնաժողով ստեղծել

Մայիս 15,2015 17:10

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկական համակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:

05.05.2015թ. ՀՀ ԱԺ աշխատակազմից արդեն վերցվել է 44 ստորագրություններ հավաքելու համապատասխան ձեւաթուղթը, որը գտնվում է ԱԺ ՀԱԿ խմբակցությունում:

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկական համակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին

Նկատի ունենալով, որ.

–        էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները (վճարները) աննախադեպ՝ միջին հաշվով շուրջ 40 տոկոսով, բարձրացնելու հայտերով,

–        ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013 և 2014 թվականներին արդեն իսկ երկու անգամ բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար, համապատասխանաբար 26 և 10 տոկոսով,

–        ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից  հերթական հայտը բավարարելու պարագայում, էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար 2013թ.-ի հուլիսի 1-ի համեմատությամբ կկրկնապատկվի,

–        էլեկտրաէներգիայի սակագնի անընդհատ բարձրացման գլխավոր պատճառներից մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական ծանր վիճակն է, որը, պաշտոնական ֆինանսական հաշվետվությունների համաձայն, կուտակել է շուրջ 250 մլն. ԱՄՆ դոլարի չափով պարտքեր,

–        ՀՀ էներգետիկայի բնագավառը կառավարող պաշտոնատար անձանց հայտարարությունների համաձայն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ ահռելի չափերի հասնող պարտքերը կուտակվել են չարաշահումների արդյունքում,

–        էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացումը նորանոր խնդիրներ է հարուցելու ինչպես Հայաստանի տնտեսության համար` խթանելով գնաճը, այնպես էլ սոցիալական ոլորտում` նվազեցնելով բնակչության եկամուտներն ու գնողունակությունը,

–        էլեկտրաէներգետիկական համակարգը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 22-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.      Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

2.      Հանձնաժողովի համար սահմանել հետևյալ խնդիրները.

1) էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական վիճակի, պարտքերի կուտակման պատճառների և հիմնավորվածության ուսումնասիրությունը,

2) էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակի (էլեկտրական հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորվածության, համակարգի սպասարկման և այլնի վերաբերյալ) ուսումնասիրությունը.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման` ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի համապատասխանությունը միջազգային պրակտիկային, բ) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին, գ) հիմնավորվածությունը սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության առումով,

4) Հայաստանի տնտեսության և սոցիալական ոլորտի վրա էլեկտրաէներգիայի սակագների պարբերական բարձրացումների ազդեցության ուսումնասիրությունը,

5) էլեկտրաէներգետիկական համակարգի և սակագների հետ կապված առաջարկությունների ներկայացումը:

3.      Հանձնաժողովը գործում է Կանոնակարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ, 31-րդ և 32-րդ հոդվածներով նախատեսված կարգով, հետևյալ տարբերությամբ. 1) Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և այն վարում է Հանձնաժողովի նախագահը կամ Կանոնակարգի 26-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ նրա տեղակալը կամ Հանձնաժողովի որոշմամբ լիազորված Հանձնաժողովի անդամը, 2) Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, 3) հարցերի քննարկման ժամանակ որպես հիմնական կամ հարակից զեկուցող հանդես են գալիս Հանձնաժողովի սահմանած անձինք, 4) Հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի գրավոր, 5) Հանձնաժողովի եզրակացության առնչությամբ նրա անդամի հատուկ կարծիքը կցվում է եզրակացությանը:

4.      Կանոնակարգի 30.1-ին հոդվածով սահմանված լիազորություններից բացի, Հանձնաժողովը կարող է՝ 1) իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների, դատավորների, դատախազների և քննիչների, պահանջել Հանձնաժողովի ուսումնասիրման ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անցկացնել ուսումնասիրություններ, փորձագիտական հետազոտություններ և ներկայացնել դրանց արդյունքները, 2) օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալ իր առջև դրված խնդիրներին վերաբերող ցանկացած փաստաթղթի, այդ թվում՝ պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների, 3) իր գործունեությունն իրականացնելիս ներգրավել մասնագետների և փորձագետների, 4) իր աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գազամատակարարման համակարգում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

5.      Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է մեկական ներկայացուցիչ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից: Խմբակցության անդամները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են խմբակցության ղեկավարի ներկայացմամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

6.      Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ:

7.      Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է նրա կազմավորման օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին: Հանձնաժողովը կազմավորված է համարվում նրա անդամների կեսից ավելիի նշանակման օրը:

8.      Ազգային ժողովի աշխատակազմը մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

9.      Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում երկամսյա ժամկետում:

10.  Հանձնաժողովի գործունեությունը դադարում է նրա եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվելուց հետո կամ սույն որոշման 9-րդ մասով սահմանված ժամկետում եզրակացություն չներկայացնելու դեպքում, եթե Ազգային ժողովի որոշմամբ եզրակացության ներկայացման այլ ժամկետ չի սահմանվում:

Զեկուցող՝     Լեւոն Զուրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031