ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի համոզմամբ, 915 համայնքի անհրաժեշտություն չկա եւ համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է:
Բայց այն տեսքով, որ կառավարությունն է առաջարկում նրան դուր չի գալիս:
«Այս տեսքով ոչ մի բան չենք լուծում: Ասում են՝ ճանապարհները կսկսենք սարքել, փողը կշատանա, բայց փողը չի շատանում, խնդիրները մնում են նույնը, հետեւաբար խնդիրը ո՞րն է սրան անդրադառնալը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:
Նա դեմ է նաեւ համայնքի ղեկավարների ընտրովի կարգին, կարծում է՝ գյուղապետի պաշտոնը պետք է նշանակովի լինի. «Որովհետեւ ընտրությունը բացասական կողմ ունի, թշնամանք է առաջացնում, կիսում է համայնքը: Խոշորացումն այն տեսքով, որ հիմա դրված է ոչինչ չի տա համայնքներին ոչ բյուջե է ավելանում, մարդկանց էլ ավելորդ քաշքշուկի մեջ են գցում: Բացի դա ես հարեւան գյուղին չեմ ուզում միանալ, որովհետեւ հարեւան գյուղը չի ուզում ինձ միանալ: Առաջին հերթին թող վերացնեն ընտրությունները գյուղերում, դա կլինի դրական մեծ քայլ ժողովրդի համար»:
Կարդացեք նաև
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ խոշորացման խնդիրը գալիս է իննսունականներից, երբ ստեղծվում էին մարզպետարանները: Իսկ համայնքների խոշորացման ծրագրի մասին նա ունի իր հստակ դիրքորոշումը. «Խոշորացումն անհրաժեշտ է, որովհետեւ մարզում հարյուր գյուղ կա, դրանից ավելի դպրոցներ, մշակութային կենտրոններ: Մարզպետը, որ տարեկան մի անգամ էլ իր աչքով ուզենա տեսնի այդ հաստատությունների ղեկավարներին, չի կարող, որովհետեւ ժամանակը չի հերիքի: Այնպես որ, խոշորացումն, իմ կարծիքով, անհրաժեշտ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ