«Դեռ գերակշռում է այն կարծիքը, որ եթե ընտանիքում կա խնդիր, ապա դա ընտանիքի խնդիրն է, իսկ եթե պետությունը, կամ մեր նման կազմակերպությունները խառնվում են` դիտվում է տվյալ ընտանիքին պարսավանք»,- այսօր, ընտանիքի միջազգային օրվա առիթով «Նոյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հասարակություն առանց բռնության» հ/կ ծրագրի համակարգող Սոնա Հովակիմյանը: Նա ասաց, որ Հայաստանում դեռեւս գերակշռում են ֆիզիկական բռնության դեպքերը, բայց քիչ չեն նաեւ հոգեբանականը, ֆիզիկականը` զուգակցված տնտեսականով: Նրա խոսքերով, հոգեբանական բռնությունը հայ կանայք շատ ժամանակ չեն գիտակցում:
Ասուլիսի մեկ այլ բանախոս` «Կանանց իրավունքների կենտրոնի» նախագահ Սուսաննա Վարդանյանն էլ նշեց, որ ընտանեկան բռնության հիմքը, ոչ թե աղքատությունն է, այլ հիմքում դրված է վերահսկողությունը մի անձի կողմից մյուս անձի վարքի նկատմամբ, իսկ արտագնա աշխատանքի մեկնող տղամարդու կանայք, ըստ տիկին Վարդանյանի, այլ խնդիր ունեն. «Կինը մեխանիկորեն անցնում է սկեսուրի ենթակայության տակ, իսկ սկեսուրը ավելի դաժան բռնարար է, քան ամուսինը, քանի որ այդ կանայք չունեն սեռական կյանք, չունեն հենարան, «ջան» ասող եւ ունեն փնովող մի սկեսուր, կարող է սկեսուրը շատ բարի լինի, բայց ընտանիքում լինում է ոչ ճիշտ դերակատարություն»:
Նա այդ պատճառի հիմքը տեսնում է տղամարդկանց ոչ նախաձեռնող լինելու մեջ. «Տղամարդիկ ավելի հոգսից փախնող են, ի՞նչի գա տուն, կին, երեխա, մայր, հայր եւ հոգսերը կիսի, երբ որ կարող է գնալ Ռուսաստան եւ ինչ որ մի տեղ աշխատել: Սկզբից փող են ուղարկում, հետո կապվում են տեղացի կանանց հետ, որովհետեւ ունեն քնելու, տան, կնոջ կարիք: Դեպք ասեմ, որ տղամարդը Ռուսաստանից բերել էր իր այնտեղի կնոջը եւ պարտադրում էր, որ հայ կինը նրան ընդունի»:
Տիկին Վարդանյանի ղեկավարած կենտրոնը 1997 թվականից մինչեւ այսօր զբաղվում է ընտանեկան բռնությունների խնդիրներով: Կենտրոնը ամեն օր ունենում է 3-4 առաջնային զանգ, որոնց առաջարկվում է հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն. «Երեկ ունեցել ենք 2 դեպք, որտեղ 61 տարեկան կինը զանգել էր մեր թեժ գծին եւ գոռում էր, որ իրեն օգնենք, լսվում էր հայհոյանքներ, մենք ասեցինք, որ ընտանիք ներխուժելու իրավունք չունենք եւ ընդունում ենք միայն մեզ մոտ: Կինը ասաց, որ զանգել էր ոստիկանություն եւ ոստիկանության ներկայացուցիչները ստորագրություն են վերցնում բռնություն գործադրողից եւ ազատ արձակում»,-ասաց Սուսաննա Վարդանյանը: Նա նշեց նաեւ, որ իրենք միայն կարող են բռնության ենթարկված կանանց ուղղորդել ապաստարան, որտեղ այդ կանայք գտնում են ապահով վայր եւ օգնություն:
Կարդացեք նաև
Սոնա Հովակիմյանն էլ նշեց, որ բռնության ենթարկված անձը իր իրական ռեսուրսները չի գնահատում եւ գտնվում է փակուղու մեջ. «Մենք կարողանում ենք ընտանեկան բռնության դեպքերը մինչեւ դատարան հասնելը կանխարգելել եւ աջակցություն ցուցաբերել նման ընտանիքներին նախօրոք»:
Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Աննա Բադալյանը, որը երկար ժամանակ աշխատում է բռնության ենթարկված ընտանիքների հետ, ասաց, որ բռնարարը հոգեբանորեն աղճատված, չկայացած անհատ է, որը ճիշտ է բռնություն կատարելուց հետո կարող է փոշմանել, դրանից նեղվել, հուզվել, բայց միեւնույն է արդյունքում որոշ ժամանակ անց նա շարունակում է նույնը, քանի որ նա ունի խորը հոգեկան տրավմա, որը, երբ ենթագիտակցական մակարդակում արթնանում է, պատասխանատու չէ իր վարքի համար. Շատ հաճախ նույն բռնության ենթարկվում են այն կանայք, որոնք իսկապես ցանկանում են` չխոսելով բացառությունների մասին, լինում է նաեւ, որ կինն է բռնության ենթարկում տղամարդուն, միանշանակ ասել, որ միայն կանայք են ենթարկվում բռնության, սխալ է:
Նման մարդկանց վարքը դառնում է ագրեսիվ, անկառավարելի, որի հիմքը մանկական կամ պատանեկան տրավմաններն են, խորը վիշտը: Այդ մարդը շատ լուրջ հոգեբանորեն բավական շեղված եւ հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձ է»: Հոգեբանը նշեց, որ Հայաստանում խնդիրը այն է, որ ընտանեկան վեճերի կամ դժվարությունների ժամանակ զույգերը ոչ թե դիմում են մասնագետի, այլ հարազատներին, ընկերներին, որոնք էլ խորհուրդ են տալիս, ըստ իրենց փորձի:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ