Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան. «Չվախենալ անհաջողությունից եւ նորից սկսելուց»

Մայիս 15,2015 16:47

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը, Թբիլիսիում մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան ժողովին եւ գործարար համաժողովին:

RVVZ եւ IDeA հիմնադրամների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հրավիրվել էր որպես գործարար համաժողովի հիմնական՝
«Հեղափոխական ուղու էվոլյուցիան: Իրականություն կերտած ընկերությունների պատմություններ» («The (R)evolutionary Road: Company Stories Made Real») խորագիրը կրող թեմատիկ քննարկման բանախոս:

Քննարկումը, որը բացել է ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին, նվիրված էր մասնավոր ընկերությունների առաջընթացին եւ երկրների տնտեսության ու հասարակության մեջ նրանց ունեցած դերին: Մասնակցում էին դինամիկ զարգացող ընկերությունների ղեկավարներ, ներդրողներ, գործարարներ տարբեր երկրներից:

Քննարկման հիմնական թեման վերաբերել է բիզնեսի համար առկա խնդիրներին եւ զարգացման հնարավորություններին:

Իր խոսքում Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է կորպորատիվ հաջողության համար անհրաժեշտ որակներին: Խոսելով ձեռներեցության գաղտնիքների մասին, նա մասնավորապես ասել է. «Երբ դա ձեր սեփական բիզնեսն է, մշտապես կարիք ունեք լինել իրադարձությունների կենտրոնում եւ հանդես գալ նախաձեռնություններով, քանի որ ուրիշ ոչ ոք հոգ չի տանի ձեր բիզնեսի մասին այնպես, ինչպես դուք ինքներդ»:

Նա նաեւ խորհուրդ է տվել. «Ներկայումս ձեռներեցները հետեւյալ հիմնական հմտությունները պետք է ունենան. չվախենալ հարմարավետության գոտին լքելուց, չվախենալ անհաջողությունից եւ նորից սկսելուց, չվախենալ այնպիսի
գործեր ձեռնարկելուց, որոնց մասին ոչինչ չգիտեք, քանի որ ժամանակի ընթացքում դուք կստանաք ողջ տեղեկատվությունը, բայց արդեն ուշ կլինի»:

Պատասխանելով հարցին, թե ինչ է անհրաժեշտ հետագա առաջընթացի համար, Ռուբեն Վարդանյանն ասել է. «Ֆինանսական միջոցները, իհարկե, կարեւոր են, բայց դրանք ամեն ինչ չեն որոշում: Առանց տեսլականի եւ տքնաջան աշխատանքի, ոչ մի բիզնես չի կարող դիմակայել»:

Նա նաեւ պատասխանել է թեմատիկ քննարկման մասնակիցների հարցերին:

Համաժողովի շրջանակում IDeA հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տարբեր կազմակերպությունների եւ ընկերությունների ղեկավարների հետ: Մասնավորապես՝ Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի եւ IDeA հիմնադրամի ծրագրերի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:

IDeA հիմնադրամի պատվիրակությունը հանդիպել է նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ, որի ընթացքում քննարկվել են Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու վերանորոգման, շրջակա տարածքի բարեկարգման, ինչպես նաեւ եկեղեցու վերաբացման արարողության հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քաղաքապետարանը եւ IDeA-ի թիմը կհամագործակցեն վերականգնման աշխատանքների ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծման գործում:

Սբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու վերակառուցման ընթացքին եւ վերաբացմանն առնչվող հարցերը IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը քննարկել է նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման ծրագիրն իրականացվում է IDeA հիմնադրամի կողմից: Այն մեկնարկել է 2012 թվականին: Վերականգնված եւ վերակառուցված եկեղեցու վերաբացումը նախատեսվում է գալիք աշնանը:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031