8-րդ ամենամյա Դիջիտեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 19-ին և 20-ին: «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսը կրող բիզնես ֆորումի նպատակն է աջակցել գործարար ոլորտի զարգացմանը, ստեղծել արդյունավետ պայմաններ արդի տեխնոլոգիական լուծումների ծանոթացման և փոխանակման համար:
Երկօրյա Բիզնես ֆորումի ընթացքում կլինեն պլենար նիստեր, գործարար ներկայացումներ, ցուցահանդես, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ տեղական ու միջազգային գործարար համայնքի, փորձագետների և պետական մարմինների մասնակցությամբ: Ֆորումի թեմաներն են՝ տուրիզմ, առևտուր, գյուղատնտեսություն, շինարարություն ու հանքաարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ, էլեկտրոնային առևտուր, առողջապահություն, կրթություն և տրանսպորտ:
Այս տարի ֆորումի ժամանակ առաջին անգամ կանցկացվի խելացի լուծումներ կիրառող ընկերությունների մրցանակաբաշխություն:
Կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այսօր արտասահմանյան և դրանց ամենևին էլ չզիջող հայկական ՏՏ ընկերություններն առաջարկում են բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ արդյունավետ բիզնեսի կառավարման համար: Իսկ խելացի գործարարներն ու ղեկավարները լավ գիտակցում են, որ ձեռներեցության և, առհասարակ, աշխատանքի կառավարման արդյունավետությունն ու անվտանգությունը մեծապես կախված է նաև տեխնոլոգիական լուծումների կիրառումից: Դիջիտեք բիզնես ֆորումի շրջանակներում առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը մեզ հնարավորություն կտա ռեալ գնահատելու ստեղծված պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունն ու որակը»:
Կարդացեք նաև
Շուշանիկ Ներսեսյան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության
Հանրային կապերի պատասխանատու