ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր թեժ քննարկում եղավ`կառավարության ներկայացրած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» հարցի ժամանակ:
Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է 237 միլիոն ներդրում, աշխատատեղերի ստեղծում: Կառավարության ներկայացուցիչների ոգեւորությանը զուգընթաց՝ պատգամավորների մոտ մի շարք հարցեր առաջացան, որոնց պատասխանները կամ չհնչեցին, կամ ցույց էին տալիս նախագծի թերի կողմերը:
Նախ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին վրդովեցրեց այն, որ նախարարները չեն գալիս խորհրդարանական հանձնաժողովների քննարկումներին. «Էսպես շարունակվի, մի քանի նիստ հետո ես էլ իմ օգնականին կուղարկեմ»: Ապա բարկացավ, որ նիստերի օրակարգում վերջին պահին հարցեր են ընդգրկվում, որոնք բավական կարեւոր են. «Սուպեր Նյուտոնի հնարավորություններ պիտի ունենաս, որ 30 էջանոց օրենքը 30 րոպեում կարդաս ու կարծիք հայտնես»: Քննարկվող նախագիծը հենց այդպիսին էր:
Կարդացեք նաև
Այնուհանդերձ, հարցը ներկայացնող, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին Հրանտ Բագրատյանը մի քանի հարց ուղղեց: Մասնավորաբար`ինչո՞ւ է տրվում սեփականության իրավունքով, ինչո՞ւ ապագա գույքից գրավ չենք վերցնում, ինչո՞ւ կետ չկա, որ այս շահագործողը չի կարող փոխկապակցված անձ լինել Քաջարանի պղնձամոլիբդենայինի հետ եւ այլն:
Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Հակոբ Հակոբյանը (գարեջրի գործարանի սեփականատեր) միջամտեց ու հեգնեց. «Հորոխպոր տղեն կլինի կամ մորքուրի մարդը»: Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ եթե «մաստեր-պլանը» չի աշխատում, գրավի իրավունքն է կիրառվում ու իբրեւ սեփականություն գույքն անցնում է կառավարությանը: Նա երկար եւ մասնագիտական պատասխաններ էլ տվեց, դրանք Բագրատյանին չբավարարեցին:
Հրանտ Բագրատյանի հարցերի հետագա պատասխաններից պարզ դարձավ, որ ներդրողը ուկրաինական-ռուսական ծագումով ընկերություն է, իրականացնողը` հայկական ընկերություն, որի հիմնադիրն էլ սյունեցի է`Վարդան Շահնազարյանը:
Ապա կառավարության ներկայացուցչին հարցախեղդ արեց հանձնաժողովի ՀՀԿ-ական ղեկավար Վարդան Այվազյանը. «Հոդված երրորդի 15 կետերով սահմանվում է, որ բնօգտագործման բոլոր վճարներից ազատվում են: Ռոյալթի տալո՞ւ եք»: Կառավարության ներկայացուցիչը լռեց: Նրա փոխարեն արձագանքեց հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Միքայել Մելքումյանը. «Իհարկե`ոչ»: «Ընդերք ե՞ք թալանում»,- բարկացավ Վարդան Այվազյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Վարդան Այվազյանի ընդդիմադիր հարցերից հավանաբար անակնկալի եկած Հրանտ Բագրատյանը չդիմացավ: Դիմելով Վարդան Այվազյանին`ասաց. «Բա ինձի ինչի՞ էիր ասում`խի էս հարց տալի»: «Որ իմ ելույթի ժամանակ ոչ մեկդ չխոսեք»,- եղավ պատասխանը: Բագրատյանը շարունակեց հումորով. «Ասածդ եմ ծաղկացնում»:
Վարդան Այվազյանի հարցերից կառավարության ներկայացուցիչները շվարել էին, ապա բնապահպանության նախարարության ներկայացուցիչը խոստովանեց, որ պատգամավորի բարձրացրած մտավախությունները ճիշտ են:
«Ընդերքի գողցողը ես էի, հիմա ոնց ա լինում, որ բռնող եմ, սյունեցի լավ տղեքը միանգամից գլխի են ընկել…»,- բնապահպանության նախարար եղած տարիներին իրեն ուղղված մեղադրանքները հիշեց Վարդան Այվազյանը:
Հրանտ Բագրատյանը հումոր արեց. «Լավ չես գողցել»: Վարդան Այվազյանը նույն ոգով շարունակեց. «Ինչքա՞ն գողանամ, որ ձեզ հասնեմ»:
Դիմելով արդեն կառավարության ներկայացուցչին`Վարդան Այվազյանն ասաց. «Շատ ողջունելի ա իրա ներդրումները, լավ բան են անում, կարանք հարկային արտոնություններ տանք, բայց ռոյալթին, բնօգտագործման վճարը`սվիտոյե, թափոններն էլ ձեզ ղուրբան, վտանգավորության աստիճանն էլ ձեզ ղուրբան, բայց սենց`ապրանքը լաբավոյ կորում ա: Փոփոխություններ արեք`բերեք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ