«Մենք բոլորս Լիսկա ենք». ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անպատժելիության հետ կապված այսպիսի հայտնի արտահայտություն էր արել:
Արդեն պարզվել է, որ Սյունիքի մարզպետի որդին Հայաստանում չէ: Այդ առնչությամբ այսօր հրավիրած ասուլիսում Լեւոն Զուրաբյանն ասաց. «Սա ցույց է տալիս, որ Օրուելի ասած մեր այս անասնաֆերմայում կան հավասարներ եւ կան ավելի հավասարներ ու ամենահավասարներ, ում վրա ոչ օրենք է տարածվում, ոչ որեւէ սկզբունք է գործում: Այդ մարդիկ պետությունից, օրենքից, իրավունքից վեր են, եւ նրանք բոլորը Լիսկա են»:
Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ «Լիսկան հավաքական կերպար է»:
Հարցին՝ ինչու է իշխանությունը պահում այդպես պինդ-պինդ Սուրիկ Խաչատրյանին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ իրենց ամբողջ իշխանությունը հիմնված է լիսկաների կերպարների՝ կեղծարարների վրա, որոնք անպատիժ կերպով թալանում են երկիրը, իսկ հետո անպատիժ կերպով կեղծում են ընտրությունները՝ ապահովելով ռեժիմի գոյությունը. «Ո՞նց կարող են իրենք պատժել այն մարդկանց, որոնք իրենց իշխանության հիմքն են, հենասյունն են, հո չե՞ն կտրելու իրենց հենասյունը»:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանը վստահ էր՝ համայնքների խոշորացման հանրաքվեի տվյալները վաղը ցույց կտան, որ ամենաշատը կողմ են Սյունիքում:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իշխանությունների կեղծված ձայների հոգեպահուստը, որով իրենք ցանկացած պահի կարող են վճռել ընտրությունների ելքը, գտնվում է Սյունիքում՝ Գորիսում՝ հենց Սուրիկ Խաչատրյանի անձնական ազդեցության տակ. «Միայն նա կարող է դա ապահովել՝ իր տեռորով, շանտաժով, բռնություններով, ո՞նց կարող են իրենք ոչնչացնել ընտրակեղծարարության էնզեն՝ ամենակենսական պաշարը»:
Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ հոսանքի թանկացման դեմ մարդիկ զանգվածաբար դուրս չեն գալիս փողոց, անտարբերություն կա:
Aravot.am-ի հարցին՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ անտարբերություն չկա, ինչո՞ւ դրա համար մարդկանց չեք հանում փողոց՝ նա պատասխանեց. «Այսինքն, ի՞նչ անենք՝ գնանք պահանջենք Լիսկայի հրաժարակա՞նը: Դրանից հետո դուք մեզ լուրջ կվերաբերվե՞ք, չեք վերաբերվի: Մենք մեր թիրախը շատ լավ գիտենք, գիտենք ում դեմ ենք պայքարում: Եթե սկսենք ոչ թե Սերժ Սարգսյանի ամբողջ ռեժիմի հրաժարականը պահանջել, այլ առանձին մարզպետների, ոստիկանների, դա կվերածվի կատակերգության: Ես հասկանում եմ, որ շատ կարեւոր է, որ Սյունիքի մարզը այդ լծից ազատվի, շատ կարեւոր հարց է: Բայց այդ հարցը մենք չենք կարող դարձնել մեր հիմնական օրակարգը, դա մեզ կտանի մանրանալու ճանապարհով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ