Ինչպես արդեն տեղեկացրել ենք` անհատ տաքսու վարորդները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում այժմ փոխնախարար Արամ Արսենյանի հետ քննարկում են իրենց խնդիրները: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարեց, թե Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպած տաքսու վարորդն իրենց հետ կապ չունի և իրենց կողմից լիազորված անձ չէ: Ուստի հորդորեց քննարկումներ վարել իրենց հետ, կապ չունի, թե ինչ են քննարկել Արման Գալստյանի հետ:
Տիգրան Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, թե Արման Գալստյանը հայտարարել է, որ տարածքներ են ստեղծվելու, որ տաքսիստները վճարեն ու մուտք գործեն: Ուստի տաքսու վարորդները մտահոգված են, որ դա կվերածվի «օլիգարխիկ տարածքի»:
Տաքսու վարորդները առաջարկեցին լսումներ կազմակերպել մյուս գերատեսչությունների մասնակցությամբ, որ հանձնաժողով ստեղծվի հարցերը քննարկելու համար և իրենց առաջարկած 20 կետերը քննարկեն:
«Անհատ տաքսու վարորդների իրավունքների կենտրոն» հ/կ համանախագահ Արսեն Պետրոսյանը առաջարկեց` քանի դեռ քննարկումներ են ընթանում, դադարեցնել տուգանքները: Նա նաև առաջարկեց, թե Երևանի, թե գյուղերի ու մյուս քաղաքների տաքսու վարորդների համար միևնույն սակագինը սահմանել:
Կարդացեք նաև
Մեկ այլ տաքսու վարորդ առաջարկեց, որ Երևանում այդ սակագինը լինի 5000 դրամ, 3000՝ այլ քաղաքներում, գյուղերում՝ 1500 դրամ: Արսեն Պետրոսյանը նաև նշեց, թե վաղուց ժամանակը հասունացել է, որ ստեղծվի անհատ տաքսու վարորդների արհմիություն:
Իսկ թե ինչու է Գագիկ Բեգլարյանը հանդիպել Արման Գալստյանին, պարոն Արսենյանը պատճառաբանեց. «Մարդը միանգամից դուր եկավ հասարակության մի ստվար զանգվածի, մենք ո՞նց կարող էինք հաշվի չնստել հասարակական կարծիքի հետ: Նախարարը սիրով կընդուներ Ձեզ, եթե լիներ Հայաստանում»:
Ուստի հայտարարեց, որ հաջորդ շաբաթ՝ վերադառնալուց հետո, Գագիկ Բեգլարյանը կընդունի անհատ տաքսու վարորդներին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ