Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ջանքեր չձեռնարկվեն, Հայաստանում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները կարող են կրել ավելի հաճախակի և ազդեցիկ բնույթ

Մայիս 15,2015 15:43

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո մշակված Հայաստանի Երրորդ ազգային հաղորդագրությունը ներկայացվել է գործընկեր կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին:

Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Կառավարության, Ազգային Ժողովի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների և մասնավոր հատվածի ու ՀԿ-ների ներկայացուցիչներ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր բացման խոսքում նշել է. «Կլիմայի փոփոխությունը մարդկության առաջ ծառացած հիմնական մարտահրավերներից է, որը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերի շնորհիվ: Հայաստանը, որպես Կոնվենցիայի Կողմ երկիր, իր կարգավիճակին համապատասխան կատարում է իր պարտավորությունները»: ՀՀ կառավարության անունից նա երախտագիտություն է հայտնել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին` ֆինանսական աջակցության, ՄԱԶԾ-ին` Երրորդ ազգային հաղորդագրության պատրաստմանն աջակցելու համար, ինչպես նաև ազգային փորձագետներին և հաստատություններին` իրենց ներդրման համար: Արամայիս Գրիգորյանն, օգտվելով առթիվ, շնորհավորել է ներկաներին Կլիմայի փոփոխության միջազգային օրվա կապակցությամբ՝ շեշտելով, որ Կլիմայի փոփոխության օրը նշվում է մայիսի 15-ին՝ որպես արձագանք օդերևութաբանների կոչին՝ պահպանել կլիման որպես կարևոր ռեսուրս ներկա և հաջորդ սերունդների բարօրության համար:

Բրեդլի Բուզետտոն իր բացման խոսքում նշել է. «Երկրները վավերացրել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան` որպես արձագանք համամոլորակային տաքացմանը: Այս տարին հատկանշական է, քանի որ Կոնվենցիայի կողմ երկրներին կոչ է արվել կայունացնել ջերմոցային գազերի կոնցենտրացիան մթնոլորտում և ստանձնել նվազեցման պարտավորություններ»: Անդրադառնալով Ազգային հաղորդագրու­թյուն­ներին, նա նշել է, որ ՄԱԶԾ շարունակաբար աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ցածր ածխածնային և կլիմայի նկատմամբ դիմակայուն քաղաքականության ձևավորմանը՝ ապահովելով, որ տարիների ընթացքում զարգացման ոլորտում ձեռքբերումները լինեն կայուն:

Կլիմայի փոփոխության դեմ ձեռնարկվող միջոցները իր ելույթում կարևորել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան համագործակցության գծով խորհրդական Ժան Միշել Կասբարյանը:

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրել է Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության հիմնական արդյունքները:

Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մարտահրավերների հասցեագրման խնդիրներին նվիրված զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:

Հաղորդագրությունն ահազանգում է, որ համաձայն «առանց միջոցառումների» սցենարի 2030թ. համար կանխատեսվում է, որ Հայաստանում ջերմային գազերի արտանետումները կհասնեն 20,000 տ CO2 –ի համարժեք, իսկ «միջոցառումներով» սցենարի դեպքում՝ 14,000 տ CO2 –ի համարժեք: Միևնույն ժամանակ հաղորդագրությունում նշվում է, որ եթե գլոբալ մակարդակով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ջանքեր չձեռնարկվեն, Հայաստանում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4.7˚C, իսկ հիդրոօդերևութա­բանական վտանգավոր երևույթները կարող են կրել ավելի հաճախակի և ազդեցիկ բնույթ:

Ազգային հաղորդագրությունում բացահայտվել են երկրի հարմարվողականության կարիքները, որոնց պետք է արձագանքել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու համար: Հարմարվողականության կարիքների շարքում նշվում են գետավազանային կառավարման պլաններում ջրի խոցելիությունը, ջրախնայող տեխնոլոգիաների ներմուծումը, ի լրումն ոռոգման առկա ցանցի և փոքր ջրամբարների ընդլայնմանն ու արդիականացմանը, նոր չորադիմացկուն բուսատեսակների ներմուծումը, հողօգտագործման և ենթակառուցվածքների պլանավորման ժամանակ կլիմայի փոփոխության գործոնի հաշվի առնումը, գյուղատնտե­սության ապահովագրության համակարգի ներդնումը և այլն:

Հայաստանը իր պարտավորությունների շրջանակում մշակում և Կոնվենցիայի կողմերի համաժողովներին է ներկայացնում Կոնվենցիայի իրականացման մասով իր ազգային հաղորդագրությունները: Միջազգային հանրության համար կարևոր է, որ ջերմոցային գազերի արտանետումների մասով ներկայացվող տեղեկատվությունը լինի ճշգրիտ և համապարփակ՝ կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքները մեղմելու համար: Սույն հաշվետվությունն ամփոփում է 2007-2012թթ. զարգացումները՝ հիմնվելով պաշտոնական տեղեկատվության և փորձագիտական վերլուծությունների վրա: Հաղորդագրության մշակմանը մասնակցել են ավելի քան 40 փորձագետներ, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի գիտահետա­զոտական ինստիտուտը» և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ ծառայություն»-ը:

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031