Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը արտահերթ նիստ է հրավիրում՝ հոսանքի թանկացման հարցով հանձնաժողով ստեղծելու համար

Մայիս 15,2015 15:02

Այսօր  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հրավիրած ասուլիսում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին ասաց, որ ուսումնասիրել են ՀԷՑ-ի հայտը:

Տարբեր արտադրողների մոտ գների տարբերություն կա եւ խճճում է դա պատկերը: ՀԱԿ-ը հաշվարկել է եւ պարզել, որ արտադրողները ցանկանում են բարձրացնել 2.38 դրամով, ՀԷՑ-ը՝ 0.8 դրամով:

«Ստացվում է, որ 18 դրամից 15 դրամը ըստ էության ՀԷՑ-ի համար է արվում:Սա նշանակում է, որ թալանի սխեմաները չեն վերացվում, մենեջմենթի փոփոխություն չի արվում, զուտ միայն 15 դրամով ՀԷՑ-ի համար էներգիան թանկացնելու արդյունքում 1 տարվա ընթացքում կկարողանան կուտակված պարտքը փակել: Այս թանկացումն արվում է  միայն մեկ նպատակով՝ փակել ՀԷՑ-ում ապօրինի ճանապարհով կուտակված 250 մլն դոլարի պարտքը: Իշխանությունները ոչ թե որոշել են բացահայտել ՀԷՑ-ի չարաշահումները, հասկանան, թե թալանն ինչ ուղղությամբ է գնում, այլ՝ թալանի պահպանումն է  նպատակը: Միայն թանկացման շնորհիվ հնարավոր կլինի պահպանել թալանի սխեման: Կարեւորը իշխանության ակնհայտ կոռուպցիոն մոտեցումն է այս հարցին: Նրանք ուզում են թալանված 250 մլն դոլարը դնել իմ եւ ձեր բոլորի ուսերին»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որր շրջել է գյուղերով եւ բնակիչները սարսափահար են սակագնի բարձրացման լուրից. «Մարդիկ չգիտեն, թե ինչպես են արդեն օգտագործելու էլեկտրաէներգիան»:

ՀԱԿ-ը որոշել է քայլեր ձեռնարկել. «Մեր նպատակն է, որ հասարակության մեջ ձեւավորենք գների անհիմն բարձրացման դեմ անհանդուրժողականության մթնոլորտ: ՀԱԿ-ը խմբակցության նիստում որոշում է ընդունել եւ ձեւաթուղթ է վերցրել, որ մինչեւ երկուշաբթի ժամը 12-ը հավաքի 44 ստորագրություն եւ ԱԺ-ում արտահերթ քննարկման դնի ՀՀ-ում էլեկտրաէներգիայի համակարգում ստեղծված իրավիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Գազի հանձնաժողովի օրինակի վրա տեսանք, որ դա հարց չի լուծում, բայց, այնուամենայնիվ, դա մի քայլ էր, որը բարձրացրեց հասարակության հետաքրքրությունը հարցի նկատմամբ եւ բացեց ահագին ինֆորմացիա: Եթե սա չստացվի՝ ուրիշ քայլերի կդիմենք, կարեւորը՝ դիմադրության մթնոլորտը ձեւավորենք: Եթե մենք հասնենք այնպիսի արդյունքի, որ մի քանի հազար մարդ դուրս գա փողոց այն ժամանակ, երբ ՀԾԿՀ-ում քննարկվելու է այս հարցը, նրանք ի վիճակի են լինելու կանխել այս որոշումը»

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ անցյալ անգամ ամենաշատը 2000 մարդ էր եկել եւ ինչ-որ չափով քաղաքացու անտարբերության հետեւանքն էր, որ չկարողացանք կանխել թանկացումը:

Ինչ վերաբերում է ԱԺ ստեղծվելիք հանձնաժողովին, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ պահանջում են իշխանության եւ ընդդիմության հավասար ներկայություն այդ հանձնաժողովում: Արդեն ձեւաթղթի տակ ստորագրել են ինքը եւ Արամ Մանուկյանը. «Զարմանալի չի լինի, եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ էլ ստորագրեն այս ձեւաթուղթը»,- հույս հայտնեց Լեւոն Զուրաբյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031