Այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանի եւ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԲՀԿ տարածքային այն կառույցների պատասխանատուները, որտեղ մայիսի 17-ին տեղի են ունենալու համայնքների խոշորացման խնդրով տեղական հանրաքվեներ։Կառավարության ներկայացուցիչը ներկայացրեց ծրագրի առավելությունները՝ պատասխանելով համայնքների խոշորացմանը դեմ հնչող մտահոգություններին, որոնք հնչեցրեցին ԲՀԿ պատգամավորներն ու տարածքային կառույցների պատասխանատուները։
Մասնավորապես՝ նշվեցին հատկապես փոքր գյուղական համայնքների դատարկման, գյուղական համայնքների ենթակառուցվածքների,սոցիալական նշանակության խնդիրների հնարավոր ռիսկերի, սահմանամերձ բնակավայրերի հատուկ կարգավիճակի հետ կապած հարցեր։ ԲՀԿ ներկայացուցիչները բարձրացրեցին նաեւ տեղական համայնքների բյուջեների համալրման, ինչպես նաեւ՝ դրանց ծախսերի ուղղվածության եւ հասցեականության խնդիրները։
Քննարկվեց նաեւ խոշորացված համայնքներում ավագանու ընտրությունների կարգի, ինչպես նաեւ՝ նախկինում գործող վարչական շրջանների մոդելին վերադառնալու հարցի նպատակահարմարությունը։ Որոշվեց, որ ԲՀԿ խմբակցությունում հարցի վերաբերյալ կկազմակերպվի լրացուցիչ քննարկում՝ հաշվի առնելով նաեւ ԲՀԿ տարածքային կառույցների, գյուղաբնակ մեր հայրենակիցների մտահոգություններն ու տեսակետները, որից հետո միայն ԲՀԿ-ն համայնքների խոշորացման վերաբերյալ կկայացնի իր քաղաքական որոշումը։
Կարդացեք նաև
ԲՀԿ մամուլի ծառայություն